«Ո՞րն է Հայաստանը ցեխից դուրս բերելու ամենաճշգրիտ բանաձևը» հարցը հուզում ու մշտապես հուզել է բոլորիս՝ հասարակության ամեն մի կոմպետենտ անդամի, ում համար Հայաստան երկրի ճակատագիրը միևնույնը չէ, ու ով սեփական ապագան տեսնում է հենց հայրենիքում: Տասնամյակների ընթացքում, պետք է խոստովանել, բազում անգամներ են փորձարկվել գործիքակազմեր ու որոնվել ուղիներ՝ երկիրը ռեալ զարգացման ուղու վրա դնելու, 21-րդ դարի չափանիշներին հնարավորինս համապատասխանեցնելու, սակայն ինչպես մերօրյա կյանքն ու երկրի վիճակն է հուշում, բոլոր նմանօրինակ փորձերն ու մեթոդները հասցրել են ապացուցել սեփական սնանկությունը:

Կարեն Կարապետյանի՝ քաղաքական բարձունքներ նվաճելուն զուգահեռ, երբ դեռևս լուրեր էին շրջանառվում նրա՝ վարչապետ նշանակվելու մասին, ակտիվորեն սկսեցին լուրեր շրջանառվել այն մասին, որ վերջինս վճռակամորեն է տրամադրված՝ տասնամյակներով կարծրացած կարծրատիպերը փշրելու, պետական կառավարման համակարգին թարմ շունչ հաղորդելու հարցում ու առաջին բանը, որին ձեռնամուխ է լինելու, պետության «վզին» վաղուց բեռ դարձած ու կաշառակերության հաշվին ճարպակալած չինովնիկների կրճատումն է լինելու:

Բայց անցան ամիսներ, ու պարզ դարձավ, որ պետական կառավարման համակարգի օպտիմալացումը, եթե այն տեղի է ունենում հանպատրաստից ու միանգամայն կամայական հիմունքներով, կարող է ոչ պակաս մեծ չարիք դառնալ երկրի ու հասարակության գլխին, քան այն ուռճացվածությունը, որ գրեթե միշտ բնորոշ է եղել Հանրապետության պետական կառավարման համակարգին. Կարապետյանի կողմից զանազան ԾԻԳ-երի, ՊՈԱԿ-ների ու նմանատիպ «մանր-մունր» կառույցների կրճատումը, նախարարությունների աշխատակազմերում առաջիկայում սպասվող օպտիմալացումն՝ իսկական պատուհասի է վերածվել բազում քաղաքացիների գլխին, որոնք, ըստ էուության, դուրս շպրտվելով պետական կառավարման համակարգից, ստիպված են լինում համալրել գործազուրկների միլիոնանոց բանակն ու կանգնել սեփական ընտանիքը կերակրելու անհնարինության փաստի առաջ: Ասել կուզի՝ պետությունը, լավ բան անելու փոխարեն, կամա-ակամա սկսել է նպաստել առանց այն էլ օրեցօր մեծ թափ հավաքող արտագաղթի ծավալների աճին՝ խրախուսելով պետական աղետի վերածված երևույթը. մարդկանց այլ բան չի մնալու, քան բռնել գաղթի անորոշ ուղին՝ օտար ափերում մի կտոր հաց վաստակելու անորոշ հույսով:

Հարց է առաջանում՝ ինչի՞ն է այս ամենով իրականում ձգտում վարչապետը: Իհարկե, ասել, թե Կարապետյանի մտադրությունները բացասական են, ոչ մի կերպ չի կարելի. պետական կառավարման համակարգը մեզանում վաղուց է ուռճացված, ու քիչ չեն այնպիսիք, ովքեր, իրոք, պետության հաշվին զուր տեղը պարարտանում են: Պարզապես, այստեղ երկրորդ ու ոչ պակաս կարևոր հարցն է առաջ գալիս՝ ի՞նչ են անելու այն մասնագետները, որոնք սեփական ապրուստը վաստակում էին պետական այս կամ այն օղակում սեփական գիտելիքները ռեալիզացնելով: Ո՞վ է նրանց ճակատագրի համար պատասխանատվություն կրողը կամ ո՞վ կարող է ձեռքը դնել սրտին ու հաստատակամորեն պնդել, թե այս երկրի բոլոր դժբախտությունները՝ ծայրից ծայր, գալիս են հենց այն նույն կետից, որն այժմ «կտցել» է կառավարությունը...

Անկասկած է՝ օպտիմալացում պետք է իրականացնել ոչ միայն մեկ անգամ, այլև պարբերաբար՝ տնտեսվող միջոցներն առավել նպատակային ծախսելու համար, սակայն անել դա առանց մասնավոր ոլորտում հավելյալ աշխատատեղեր ստեղծելու, առանց գործազուրկ դարձող մարդկանց կոնկրետ երաշխիքներ տալու՝ պարզ անպատասխանատվության դրսևորում կարելի է համարել, քանի որ ոմանք այդպիսով «ունքը սարքելու փոխարեն, կամա-ակամա աչքն են հանում»՝ մի բան, որն ուղղակի անթույլատրելի է:

Դավիթ ԲԱԲԱՆՈՎ