Հայաստանում որոշ չինովնիկների լկտի ու հոռի վարքուբարքի մասին շատերը միայն լսելով չէ, որ տեղյակ են. անկախացման առաջին տարիներից սկսած' այս երևույթը լայն տարածում է գտել մեր երկրում, ու այլևս մարդկանց ոչնչով չես զարմացնի: Որքան էլ կարող է տարօրինակ հնչել, սակայն, միգուցե նաև անհավանական, բանից պարզվում է'Հայաստանում ամենևին էլ պարտադիր չէ լինել շատ բարձրաստիճան մեկը կամ գերհարուստ, որպեսզի թույլ տաս սեփական անձին հոռանալու, մարդկանց գլխին պատուհաս դառնալու. բավարար է միայն ասենք գյուղական իշխանիկ կամ մարզային քաղաքի քաղաքապետ լինել, որպեսզի ինքդ քեզ երևակայես, թե «դեմդ խաղ չկա» ու ինչ ուզես ու ինչպես ուզես՝ կարող ես անել:
Ինչպես հայտնի է, շուտով հանրապետությունում ՏԻՄ ընտրություններ են կայանալու ու, միգուցե սրանով պայմանավորված, լրատվամիջոցների ուշադրության կենտորնում ակամա հայտնվում են մարզային չինովնիկները, որոնցից շատերը, պարզվոմ է, իսկական պատուհաս են դարձել այն համայնքներում, ուր բախտի բերմամբ, թե պատահմամբ, ղեկավարներ են դարձել:
Որպես կանոն, ընդունված է կարծել, որ, եթե ուզում են հարազատ հանրապետականի աչքը մտնել, վայելել այս կուսակցության աջակցությունը՝ բավարար է ընդամենը ապացուցել իշխողներին, որ ընդունակ ես ընտրություննրին քո ղեկավարած համայնքից համապատասխան քանակությամբ ձայներ բերել, ընդունակ ես' «տոկոս խփելու»:
Բայց, ինչպես Ստեփանավանի ներկայիս քաղաքապետ Միքայել Ղարաքեշիշյանի օրինակն է ապացուցում, ոչ միշտ է, որ նման մոտեցումը կրառելի է: Պարզվում է' Ղարաքիշյանն ու իր եղբայրը կատարյալ պատուհաս են դարձել ստեփանավանցիների գլխին ու ինչ ուզում, այն էլ անում են: Օրինակ' հայտնի է, որ դեռևս 2014 թվականին քաղաքապետն ատրճանակով կրակել էր Ստեփանավանի բնակիչներից մեկի վրա, իսկ եղբայրն էլ' Սարգիսը, նույնպես առանձնապես հետ չի մնացել եղբորից' պարբերաբար հայտնվելով տարբեր աղմկոտ պատմությունների կիզակետում:
Ու հիմա ասում են' ՀՀԿ-ն որոշել է ազատվել արկածախնդիր այս զույգից' ելնելով ստեփանավանցիների շրջանում կուսակցության խաթարված հեղինակությունն ամեն գնով ամրապնդելու բուռն ցանկությունից:
Իհարկե, որևիցե կերպ չենք կարող չողջունել կուսակցության' սեփական շարքերը մաքրելու ջանքերը, բայց հաշվի առնելով մեր իրականությունը, չի կարելի բացառել նաև այն, որ Ղարաքեշիշյանների վարքը քննության առարկա դարձնելու այս մղումը պայմանավորված է ոչ թե երկրի կառավարման համակարգում արմատական փոփոխություններ մցնելու ՀՀԿ-ի ցանկությամբ, այլ ընդամենը հերթական տեղափոխումներ անելու մղումով, մի երևույթ, որն այնքան լայն տարածում է գտել մեր պետական կառավարման համակարգում. երևի եղբայրների առաջարկած ծառայություններն այլ տեղ են պետք գալու…
Դավիթ ԲԱԲԱՆՈՎ