Այսօր՝ դեկտեբերի 8-ին, «Միասնություն» համազգային շարժումը կազմակերպել էր կլոր սեղան-քննարկում՝ «Հայաստանի արտաքին քաղաքականությունը եվրոպական և եվրասիական վեկտորների միջև» թեմայով:

 

Քննարկման բանախոս, Հայաստանի գործատուների միության նախագահ Գագիկ Մակարյանի կարծիքով՝ ԵՏՄ անդամակցությունն ավելի շատ բխել է անվտանգության շահերից, որովհետև ռուսական խանդը և ՌԴ-ի վերաբերմունքը ցույց էր տալիս, որ Հայաստանը ուրիշ տարբերակ չուներ. «Հայաստանը պետք է այդ որոշումը կայացներ, որպեսզի չհայտնվեր ձիու սմբակների տակ, որը մեզ կարող է շատ արագ տրորել, շատ ավելի դաժան տրորել, որը տեղի ունեցավ Ուկրաինայի հետ»: 

 

Պարոն Մակարյանի կարծիքով՝ Ռուսաստանը չի ուզում մենակ մնալ աշխարհում, որովհետև ունի գլոբալ խնդիրներ՝ շատ տարբեր կրոնների բնակչություն, տնտեսապես թույլ և ռեգիոների միջև էական տարբերություն, բարձր կոռումպացվածություն, էլեկտրոնիկայի, մեխանիկայի և ճշգրիտ ինժեներինգի հետամնացություն, որը թույլ չի տալիս Ռուսաստանի գործարանների տեխնոլոգիաները մոդեռնիզացնել և ստեղծել ժամանակակից տնտեսությանը հարիր բազա:

 

«Ռուսաստանը գնում է մի տրմաբանությամբ՝ «եթե ես չեմ զարգանում, ապա ինչ անեմ, որ ուրիշ պետությունները չզարգանան, կամ դանդաղեցնեմ ուրիշների զարգացվածությունը»: Հենց այդ տրամաբանության պատճառով՝ միշտ կփորձի ինտրիգներ ստեղծել պետությունների ներսում և տարատեսակ բլոկներ կատարել»,- ասաց նա:

 

Գագիկ Մակարյանը նկատում է՝ ԵԱՏՄ-ն շատ հետաքրքիր բաղադրություն ունի՝ երկու երկիր մուսուլմանական, բոլոր երկրները հետամնաց են, բարձր մակարդակով կոռումպացված են, տնտեսապես գտնվում են միջին, միջինից ցածր տնտեսական աճման տեմպերի մեջ: Այստեղ կրոնական, քաղաքական, տնտեսական շահերը պետք է բախվեն միմյանց հետ:

 

Ըստ նրա՝ Հայաստանը պետք է փորձի ԵԱՏՄ-ի շրջանակում գտնվելով, երբեք իր բանակցությունների իրավունքը եվրամիության հետ չփոխանցել ԵԱՏՄ միավորին, պետք է փորձի սոլո հանդես գալ իր բանակցությունների մեջ: Երկրորդ՝ կարևոր է Իրանի գործոնը, Իրանն ունի ութսուն միլիոն բնակչություն և կարող է շատ լավ բալանսավորել հարաբերությունները՝ քաղաքական և տնտեսական առումով: «Հայաստանը եվրոպական երկրների համար կարող է տնտեսական առումով հետաքրքիր լինել միայն Իրանի հետ զույգավորված պրոցեսի մեջ, եթե մենք միայնակ հանդես գանք, ապա երեք միլիոնանոց երկիրը բացարձակ հետաքրքրություն չի ներկայացնում»,- ասաց Մակարյանը: