Եվրասիական տնտեսական տարածքին Հայաստանի անդամակցումը տնտեսական լայն հեռանկարներ է բացում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության համար: Լեռնային Ղարաբաղը, չդառնալով ԵՏՄ անդամ, «դե ֆակտո» դառնում է Եվրասիական տնտեսական տարածքի մի մասը, և այնտեղ արտադրվող ապրանքներն ունենալու են նույն կարգավիճակը, որն ունեն միության անդամ մյուս երկրներում արտադրվող ապրանքները: Ադրբեջանում սա շատ լավ են հասկանում և փորձում են ամեն գնով խոչընդոտել Եվրասիական տնտեսական տարածքին Հայաստանի անդամակցության գործընթացը:
Այս մասին հունիսի 3-ին լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀ Ազգային ժողովի ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Գագիկ Մինասյանը: «Հայաստանի Հանրապետությունը և Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը մեկ միասնական տնտեսական տարածք են, և մեր միջև մաքսակետ չի կարող լինել: Ադրբեջանը շատ լավ հասկանում է այս ամենը և ամենատարբեր եղանակներով փորձում է խոչընդոտել գործընթացը»,- ասաց Մինասյանը՝ հավելելով, որ Լեռնային Ղարաբաղը միակ չճանաչված հանրապետությունը չի լինելու, որ չհանդիսանալով ԵՏՄ անդամ, «դե ֆակտո» դառնալու է ԵՏՄ տարածքի մի մասը՝ հիշեցնելով, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն արդեն ստորագրել է համաձայնագրերը, որոնցով վերացվել են մաքսային սահմանները Ռուսաստանի և Աբխազիայի, ինչպես նաև Ռուսաստանի և Հարավային Օսիայի միջև:
Անդրադառնալոեվ Աստանայում Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևի հայտարարությանը, թե Հայաստանը պետք է Եվրասիական տնտեսական տարածքին միանա այն սահմաններով, որով անդամակցել է Առևտրի համաշխարհային կազմակերպությանը՝ Գագիկ Մինասյանը նշեց, որ Նազարբաևն արդեն երկրորդ անգամ է բարձրաձայնում այդ հարցը՝ ցույց տալով, որ լիովին պաշտպանում է ադրբեջանական շահերը: «Այստեղ հարկ է նշել, որ Նազարբաևը Հայաստանի սահմանների հարցը բարձրացրել էր նաև Մոսկվայում, երբ Հայաստանը ստորագրում էր Մաքսային միության անդամակցության ճանապարհային քարտեզը: Սակայն այդ ժամանակ Ռուսաստանի և Բելառուսի ղեկավարները քննարկեցին և մերժեցին նրա առաջարկները, և Հայաստանն առանց խնդիրների ստորագրեց ճաապարհային քարտեզը:
Աստանայում արդեն Նազարբաևն այդ հայտարարությունն արեց ոչ թե իր, այլ Ադրբեջանի նախագահի անունից, քանի որ մեկ անգամ արդեն պարտություն կրել էր և ցանկալի չէր երկրորդ անգամ պարտվել»,- ասաց Մինասյանը՝ ընդգծելով, որ Նազարբաևի հայտարարությունը տհաճ էր, սակայն Հայաստանի համար ոչ վնասակար:
Գագիկ Մինասյանը նշեց, որ Նազարբաևի հայտարարությունն ինչ-որ տեղ նաև օգտակար էր մեզ համար: «Երբ մենք ասում ենք Հայաստան, պատկերացնում ենք Հայաստանը և Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը: Հիմա արդեն մենք տեսնում ենք, որ միջազգային պայմանագրերում էլ, երբ խոսքը գնում է Հայաստանի մասին, քննարկում են' Հայաստան ասելիս հասկանալ միայն ՄԱԿ-ի ամրագրած սահմաններով Հայաստա՞ն, թե՞ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հետ միասին: Սա ևս շատ կարևոր է մեզ համար»,- ասաց Մինասյանը: