Հայաստան-Իրան սահմանին ազատ տնտեսական գոտու ստեղծման ծրագիրը գտնվում է նախնական' զրոյական փուլում, եւ չկա կոնկրետ պայմանավորվածություն կամ ստորագրված փաստաթուղթ այդ առնչությամբ: Ազատ տնտեսական գոտի ստեղծելու համար լուրջ իրավական փաստաթղթեր են անհրաժեշտ, որոնք այս պահին չկան: Տեսակետը իրանագետ Մհեր Բաղդասարյանինն է: Հունիսի 10-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ իրանագետը տեսակետ հայտնեց, որ նախաձեռնությունը Սյունիքի մարզում անասնապահական ոլորտում ազատ գոտու ստեղծման նախաձեռնության շարունակությունը կարող է լինել:

 

Այս առումով առաջնահերթ հարցն այն է'արդյոք Հայաստանը Իրանի հետ ուղղակիորեն ազատ տնտեսական տարա՞ծք է ստեղծելու, թե՞ այդ ազատ գոտին հետագայում կկապվի Եվրասիական տնտեսական միության հետ:

 

Իրանագետը հիշեցնում է, որ նախորդ տարվա դեկտեմբերին Ռուսաստանում Իրանի դեսպանը հայտարարել էր, որ Իրանը դեմ չէ Հայաստանի անդամակցությանը ԵՏՄ-ին, այս առնչությամբ Իրանն ուսումնասիրում է նաեւ ԵՏՄ-ի հետ համագործակցության ճանապարհներ:

 

«Այս առումով Հայաստանը կարող է կապող գիծ լինել, հանդիսանալ միջանցք Իրանի եւ Եվրասիական տնտեսական միության միջեւ: Իրանը չի կարող անդամակցել ԵՏՄ-ին, սակայն համագործակցել ցանկանում է, եւ այս առումով Հայաստան-Իրան տնտեսական, արդյունաբերական գոտին կարող է դրական ազդեցություն ունենալ Հայաստանի վրա: Մի բան է, որ ապրանքը ներկրվի, մեկ այլ բան, որ դա արտադրվի: Դա կհանգեցնի ոչ միայն աշխատատեղերի աճին, այլեւ ապրանքների էժանացմանը»,- ասաց իրանագետը:

 

Վերջերս Էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանը հայտարարել էր, որ նախատեսվում է Հայաստանի եւ Իրանի մեջ ազատ տնտեսական գոտի ստեղծել: