Փետրվարի 24-ին ժամը 02.20-ին «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բ/կ-ից Ոստիկանության Կոտայքի բաժնում հաղորդում է ստացվել, որ մարմնական վնասվածքներով Գառնի գյուղից իրենց մոտ է տեղափոխցվել 28-ամյա Արտուշ Գեւորգյանը, ով գիտակցության չգալով հիվանդանոցում մահացել է: Այս մասին NEWS.am-ին հայտնեցին Ոստիկանությունից: Նրանց փոխանցմամբ' հանգամանքները պարզվում են, կատարվում է նախաքննություն:
Գառնիի:գյուղապետ Աշոտ Վարդանյանը NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նշեց, որ դեռեւս կոնկրետ ինֆորմացիա չունի, իր տեղեկություններով' 2-3 հոգի են եղել, բայց թե ով է հարվածել, չգիտի: Գյուղապետը նշեց, որ Արտուշ Գեւորգյանի հայրը Ռուսաստանում է, այնտեղ աշխատում է, արդեն պետք է վերադարձած լինի: Արտուշ Գեւորգյանը ունի կրտսեր եղբայր, ով ծառայում է զինված ուժերում, եղբայրներից ոչ ոք ամուսնացած չէ:
Լրատվամիջոցներում տարածված տեղեկությունների համաձայն' Արտուշ Շահբազյանի եւ նույն գյուղի բնակիչ, 21-ամյա Արմեն Շահբազյանի, Արմենի հոր' 48-ամյա Աբրահամ Շահբազյանի միջեւ վիճաբանություն է եղել, որի ժամանակ Արմենը իր մոտ եղած դանակով երկու անգամ հարված է հասցրել Ա. Գեւորգյանին: Համաձայն շրջանառվող տեղեկությունների' Արմեն Շահբազյանը Արտուշ Շահբազյանի հորաքրոջ տղան է, սովորում է Երեւանի ֆիզիկական կուլտուրայի պետական համալսարանի 4-րդ կուրսում: