Ստամբուլի Բաշաքշեհիր թաղամասի տարրական դպրոցներից մեկում ուսուցիչը հանձնարարել է դասարանի աշակերտներին լուսանկարվելու դիրք ընդունել կախաղանի պարանը ձեռքներում: Ստացված լուսանկարն ուսուցիչը «Արդարություն ենք ցանկանում» գրառմամբ հրապարակել է սոցցանցերում՝ այդպիսով երկրում մահապատժի վերականգնման կոչ անելով: Այս մասին տեղեկացնում է թուրքական «Հուրիեթ» պարբերականը:
Համացանցում հայտնված լուսանկարը խիստ բացասական արձագանքի է արժանացել, ինչի հետևանքով ուսուցիչը նախ հեռացրել է լուսանկարը, ապա փակել սոցիալական ցանցում իր հաշիվը:
Խնդրի առնչությամբ ընդդիմադիր քեմալական Հանրապետական ժողովրդական կուսակցության պատգամավոր Թունջայ Օզքանը պահանջել է կրթության նախարարությունից հետաքննություն իրականացնել: