Ազգային ժողովում շարունակվում է արտահերթ նիստի աշխատանքները: Քննարկման է ներկայացվել ապօրինի հարստացումը քրեականացնող օրենսդրական նախաձեռնությունը: Քննարկման ժամանակ պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը հիմնական զեկուցող, ՀՀ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանին հարց ուղղելուց առաջ հաճոյախոսություններ շռայլեց նրան.

 

«Երկրագնդի ամենաչքնաղ նախարարուհի՝ օրիորդ Հովհաննիսյան»,- դիմելով նախարարին՝ ասաց պատգամավորը, ինչն առաջացրեց դահլիճում ներկաների ծիծաղը:

 

Այդուհանդերձ՝ Ուրիխանյանի հաճոյախոսությանն արձագանքելով, Արփինե Հովհաննիսյանը կատակեց. «Վատ հարց եք տալու, նախաբանը լա՞վ եք սկսում»:

 

Վերջապես պատգամավորին հնարավորություն ընձեռվեց և նա նախարարից հետաքրքրվեց, թե կառավարությունն ինչ քայլեր է ձեռնարկում՝ չհիմնավորված հարստացման դեմ: Պատգամավորը տեղեկացրեց, որ ինքը մասնակցել է մի քննարկման, որի թեման եղել է հենց չհիմնավորված հարստացումը և ավելացրեց, որ« ապօրինի հարստացում» եզրույթը սխալ է, քանի որ եթե ապօրինի է հարստացել, ապա՝ այսպես թե այնպես, դա ենթադրում է քրեական պատասխանատվություն:

 

«Եթե ՄԱԿ-ի համապատասխան կոնվենցիային միանալու խնդիր ենք լուծում սրանով, ապա ասեք՝ այդպես էլ իմանանք, ընդունենք, գնանք առաջ, բայց եթե մենք սրանով ցանկանում ենք խնդիր լուծել, ապա պետք է հետաքննության առարկա դարձնենք չհիմնավորված հարստացումը, որովհետև եթե ասում ենք ապօրինի, ապա դա արդեն քրեական պատասխանատվություն է ենթադրում, որովհետև մարդը հարստացել է ապօրինի ճանապարհով»,- ասաց Ուրիխանյանը:


Նախարարն արձագանքեց, որ «չհիմնավորված հարստացում» եզրույթ որևէ տեղ չի օգտագործվում: «Բոլոր երկրներում օգտագործվում է հենց «ապօրինի հարստացում» եզրույթը: Եթե դուք ուշադիր նայեք հանցակազմի ձևակերպումը, կտեսնեք, որ այս նախաձեռնությունը հենց նրա մասին է, ինչից դուք խոսում եք: Կոնվենցիային միանալու խնդիր չկա, մենք վաղուց միացել ենք այդ կոնվենցիային և վավերացրել ենք այն: Այն, ինչ դուք նկատի ունեք, ինչի մասին խոսում եք, մենք այս նախաձեռնությամբ ենք կարգավորում»,- ասաց նա:

 

ՆԻստը վարող ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը դիմեց պատգամավոր Տիգրան Ուրիխանյանին. «Նորմա՞լ է, պարոն Ուրիխանյան, թե՞ ցանկանում եք չքնաղ նախարարին ևս մեկ հարց տալ»: «Հիանալի է, երբ չքնաղությունը զուգորդվում է բարձր ինտելեկտով»,- արձագանքեց Տիգրան Ուրիխանյանը և հավելեց, որ իր ասածն այն էր, որ իրավապահ մարմիններն ավելի ակտիվ, «դրայվով» աշխատեն և բռնեն ապօրինի հարստացողներին: