«Մենք ուզում ենք հասկանալ, թե ինչի՞ շուրջ է Րաֆֆի Հովհաննիսյանը հրավիրում քաղաքական ուժերին ու գործիչներին' խոսելու, քննարկելու համար: Ե՞րբ է լինելու քաղաքական օրակարգ, ե՞րբ է լինելու առաջարկ, կոնկրետ գործողությունների պլան' քաղաքացիներին մատուցվող ծառայությունների տեսքով: Հրավիրվեն, որ ի՞նչ անեն: Ե՞րբ է լինելու այս հարցի պատասխանը»,- այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց ԲՀԿ խոսնակ Տիգրան Ուրիխանյանն' անդրադառնալով «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանի հերթական հավաքի հրավերին, որը տեղի կունենա մայիսի 19-ին, ժամը 13:00-ին «Անի» հյուրանոցում: Քանի որ Րաֆֆի Հովհաննիսյանը հայտարարել էր նաև, թե հասել են այն խաչմերուկին, որտեղ, իր կարծիքով, բոլորը պետք է մտածենք սերնդափոխության մասին. «Ես միգուցե երիտասարդներից մեկն եմ, համեմատաբար, բայց ես ինձնից եմ սկսում ու ասում եմ՝ Սերժ Սարգսյան, Ռոբերտ Քոչարյան, Լևոն Տեր-Պետրոսյան, Գագիկ Ծառուկյան և մնացած բոլորը, մենք պետք է պատրատենք մեր Հանրապետությունը նոր սերնդի համար: Ես պատրաստ եմ դրան», մենք հետաքրքրվեցինք, թե արդյոք սերանդափոխության խնդրի քննարկումը առիթ չէ՞: Ի պատասխան մեր հարցին, Տ. Ուրիխանյանն արձագանքեց. «Այս ի՞նչ սենդափոխության մասին է խոսքը: Իմ կարծիքով, Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին հետաքրքրում են քաղաքական ուժերի գործողությունները, որոնք կհանգեցնեն իրենց իսկ կյանքի որակական փոփոխությանը: Ի՞նչ գործողությունների մասին է այս դեպքում խոսք գնում, քաղաքական ի՞նչ օրակարգի մասին է խոսքը: Ոչ միայն մեզ, քաղաքական մյուս ուժերին, այլև' ժողովրդին, պետք են այս հարցերի պատասխանները»: Քաղաքական գործիչներն, ըստ Տիգրան Ուրիխանյանի, պետք է փոխվեն ոչ թե ըստ տարիքի, այլ' ըստ աշխատանքի որակի: Նրա խոսքով' քաղաքականության մեջ, պետական կառավարման համակարգում պետք է լինեն բացառապես այnպիսի մարդիկ, ովքեր ունակ են իրականցնելու արդյունավետ վարչարարություն. «Ուրիշ ի՞նչ այլ հատկանիշների մասին է խոսքը: Եթե սենդափոխություն բառը ժողովրդի համար պարզապես ականջահաճո բառ է, ապա այլ բան, իսկ եթե դրա տակ ինչ-որ բան է ենթադրվում, թող բացատրեն, հասկանանք' ինչի՞ մասին է խոսքը: Ես կենսաբանական, տարիքային, ռասսայական, կրոնական, սեռական և այլ պատկանելությունից կախված չեմ դիտարկում պետական ու քաղաքական գործիչներին, այլ' որակյալ աշխատանք ունենալու տեսանկյունից»: Մեր հարցին, թե հնարավո՞ր է՝ ԲՀԿ առաջնորդն, այնուամենայնիվ, մասնակցի մայիսի 19-ի հավաքին, Տ. Ուրիպանյանը պատասխանեց, թե մինչև ԲՀԿ-ն չունենա առաջարկ՝ հստակ քաղաքական օրակարգի, գործողությունների պլանի տեսքով, չի կարող քննարկել այդ հարցը: «Մենք ի՞նչը քննարկենք, ո՞ւր գնանք: Գնանք, որ ի՞նչ անենք»,- ասաց նա: Իսկ հարցին, թե այդ դեպքում ինչպիսի՞ն պետք է լինի քաղաքական օրակարգային առաջարկը, որպեսզի ընդունելի դառնա ԲՀԿ-ի համար, կուսակցության խոսնակը պատասխանեց. «Իմ կարծիքով, պետք է լինեն կետեր, որոնք կտանեն փոփոխությունների: Մոմավառությունն ու ծիսական արարողակարգերը փոփոխություններ չեն իրականացնում: Իսկ փոփոխությունների կարող են հանգեցնել օրենսդրական նախաձեռնությունները և այլն»:
Տիգրանուհի Մարտիրոսյան