«Միասնություն» համազգային շարժման համակարգող խորհրդի նախագահ Արման Վարդանյանը շնորհավորական ուղերձ է հղել եզդի ժողովրդին՝ «Այդա Էզդիտ» սուրբ Զատիկի կապակցությամբ.
Սիրելի´ եզդի հայրենակիցներ,
ջերմորեն շնորհավորում եմ ձեզ՝ «Այդա Էզդիտ» սուրբ Զատիկի կապակցությամբ: Եզդիները Հայաստանի լիիրավ քաղաքացիներ են և մշտապես մեծ ներդրում են ունեցել ու ունենում հայոց պետականության կայացման գործում: Մենք մշտապես եղել ենք կողք-կողքի՝ ունենանալով մեկ ընդհանուր նպատակ՝ կերտել ուժեղ ու միասնական պետություն: Դրա վառ ապացույցն է 2016թ.-ի ապրիլի քառօրյա պատերազմը, որի ժամանակ հայերի հետ կողք-կողքի կռվեցին բազմաթիվ եզդիներ՝ չխնայելով իրենց կյանքն ու առողջությունը՝ հանուն Արցախի ու Հայաստանի:
Հատկանշական է հատկապես Քյարամ Սլոյանի՝ իր հրամանատար Արմենակ Ուրֆանյանի՝ նահանջելու հրամանին չենթարկվելը և նրա կողքին կռվելու հերոսական պայքարը, որն արդյունքում հանգեցրեց անձնազոհության:
Վերջին տարիները ծանր եղան եզդի ազգի համար, և փորձությունները դեռևս շարունակվում են Մերձավոր Արևելքում: Հավատացած եղեք, որ հայ ժողովուրդը կանգնած է իր բարեկամ ու եղբայր եզդի ժողովրդի կողքին՝ նրանց համար այս ծանր օրերին:
Սիրով մաղթում եմ ձեզ, որ այս տոնն իր հետ բերի խաղաղություն և անվտանգ ապագա, որ վերջապես հայ ու եզդի ժողովուրդները, միասնական բռունցք դարձած, ապահով ապրեն իրենց հայրենի հողի վրա: Վստահաբար կարող եմ հավաստել, որ հայն ու եզդին միասին են կերտելու Հայաստան երկրի ապագան: