«Միասնություն» համազգային շարժման ղեկավար Արման Վարդանյանը ամանորյա շնորհավորական ուղերձ է հղել։
Ավարտին է մոտենում և պատմություն դառնում 2018 թվականը: Ինչ խոսք՝ անցնող տարին բեկումնային էր, բայց հուսով եմ՝ իրական հաղթանակներ մենք ունենալու ենք 2019 թվականին, քանի որ հաղթանակը այն է, երբ տնտեսապես զարգանում է պետությունը, երբ անվտանգ են մեր սահմանները և, ի վերջո, հաղթանակն այն է, երբ հայ ժողովուրդը ապրում է ավելի լավ, քան երբևէ և ունենում է ավելի մեծ հույսեր՝ կապված ապագայի հետ։
Հայ ժողովուրդը, ի հեճուկս բազմաթիվ փորձությունների, կարողացել է գտնել դրանք պատվով հաղթահարելու ճանապարհները և հուսով եմ, որ քաղաքական էլիտան գալիք տարում անդավաճան կնվիրվի և կլինի մեր ժողովրդի կողքին, իսկ Արցախի հարցում ակնկալիքներս շատ ավելի մեծ են և լիահույս եմ, որ ունենալու ենք միայն դրական առաջխաղացում։
Նոր տարին բերում է նորանոր հույսեր ու սպասելիքներ, ծրագրեր ու նպատակներ, այսպիսով՝ գալիք տարին թող ոչ միայն լինի այդ հույսերի ու նպատակների իրականացման, այլ նաև խաղաղության, համազգային սիրո, միաբանության և տնտեսական առաջընթացի տարի: Թող 2019 թվականին Ձեր օջախներում տոնական սեղանների շուրջ իշխեն բարձր տրամադրությունն ու լավատեսությունը։
Ընդունեք իմ անկեղծ շնորհավորանքները գալիք Նոր տարվա և Սուրբ Ծննդյան տոների առթիվ: