Վերաքննիչ քրեական դատարանը մերժել է Գյումրիում Ավետիսյանների ընտանիքի անդամների սպանության գործով մեղադրյալ ռուս զինծառայող Վալերի Պերմյակովի դատավճռի ու բարոյական վնասի քաղհայցի վերաբերյալ երկու բողոքները: Վերաքննիչ դատարանն անփոփոխ է թողել Գյումրիում Ավետիսյանների ընտանիքի անդամների դաժան սպանության գործով Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանի վճիռը Վալերի Պերմյակովի վերաբերյալ, այնուհետև մերժել է տուժող կողմի ներկայացուցիչների բողոքը Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավճիռը բեկանելու և քաղհայցի մասով գործը նոր քննության ուղարկելու մասին բողոքը:
Վերաքննիչ դատարանում գործը քննվում էր տուժողների իրավահաջորդների ներկայացուցիչներ Արթուր Սաքունցի, Արամազդ Կիվիրյանի և Արայիկ Զալյանի բողոքների հիման վրա:
Արամազդ Կիվիրյանը վերաքննիչ բողոքով պահանջում էր բարոյական վնասի քաղհայցի մերժման գործն ուղարկել նոր քննության, իսկ Արթուր Սաքունցը և Արայիկ Զալյանը բողոք էին ներկայացրել ամբողջ դատավճռի դեմ:
Տուժողների իրավահաջորդների ներկայացուցիչ Միհրան Պողոսյանը լրագրողների հետ զրույցում չբացառեց, որ վնասի հատուցման պահանջով քաղհայցը վարույթ չընդունելու մասով Վերաքննիչ դատարան ի որոշման դեմ բողոք կներկայացվի Վճռաբեկ դատարան:
2016թ. օգոստոսի 23-ի դատավճռով Պերմյակովը Գյումրիում Ավետիսյանների ընտանիքի դաժան սպանության համար մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի մի շարք հոդվածներով՝ 104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 5-րդ և 8-րդ կետերով, 175-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ և 4-րդ կետերով և 34-329-րդ հոդվածի 1-ին մասով ու դատապարտվել ցմահ ազատազրկման: