ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Հրաչյա Ռոստոմյանի նախաձեռնությամբ տեղի է ունեցել բաց քննարկում՝ հանրապետության ազատ ոճի ըմբշամարտի շուրջ 50 մասնագետների մասնակցությամբ: Այս մասին տեղեկացնում է msy.am-ը:
Ինչպես նշել է նախարարը հանդիպման նպատակն է քննարկումների, մտքերի փոխանակման և խնդիրների վերհանման միջոցով բացահայտել այն հարցերը և խոչընդոտները, որոնք խանգարում են Հայաստանի Հանրապետությունում ազատ ոճի ըմբշամարտով զբաղվող մարզիկներին բարձր մարզական արդյունքներ գրանցել: «Սա այն մարզաձևն է, որում ավանդաբար մեր մարզիկները լավագույն արդյունքներ են գրանցել: Այսօր ազատ ոճի ըմբշամարտում ցավալի իրավիճակ է: Պատանի և երիտասարդ մարզիկները ձախողվում են հեղինակավոր առաջնություններում: Դրա վառ ապացույցն է նաև 2016 թ. ամառային օլիմպիական խաղերում մեր մարզիկների վատ մրցելույթները»,- ասել է Հ. Ռոստոմյանը:
Նրա խոսքերով, այսօրվա հավաքը նպատակ ունի հենց մարզիչներից լսել այն խնդիրների մասին, որոնց լուծումը հնարավորություն կտա մեր երկրում ազատ ոճի ըմբշամարտը հասցնել երբեմնի մակարդակին: «Պոտենցիալ կա, մարզիչներին մնում է ճիշտ աշխատանքի միջոցով պատրաստել և մարզել մարզիկներին»,- ավելացրել է նախարարը:
Մարզիչները նախարարին տեղեկացրել են իրենց աշխատանքի կազմակերպմանը, մարզումների արդյունավետությանը և մարզիկների պատրաստվածությանը խանգարող խնդիրների մասին:
Հանդիպման ավարտին նախարար Ռոստոմյանն առաջարկել է մարզադպրոցների ղեկավարներին 10-օրյա ժամկետում պատրաստել ազատ ոճի ըմբշամարտ մարզաձևի զարգացման ռազմավարության ծրագիր և ներկայացնել նախարարություն: Առաջարկություններն ուսումնասիրելուց և համապատասխան ստորաբաժանումների հետ քննարկելուց հետո կմշակվի համալիր ծրագիր՝ խնդիրներին հնարավոր լուծում տալու համար: