ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Հրաչյա Ռոստոմյանն աշխատանքային այց կատարեց ՀՀ Տավուշի մարզ։ Այցի նպատակն էր ծանոթանալ մարզի փրկարարական վարչության (ՄՓՎ), տարածքային հրշեջ-փրկարարական ջոկատների, քաղպաշտպանության վարչության ուժերի հավաքական կենտրոնի հատուկ օբյեկտների պահպանության ջոկատների անձնակազմերին, նրանց աշխատանքներին, առկա գերակա խնդիրներին և բարոյահոգեբանական մթնոլորտին։ Այս մասին  տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Նախարարի առաջին կանգառն ԱԻՆ ՓԾ Տավուշի մարզային փրկարարական վարչությունն էր, որին կից տեղակայված է թիվ 62 հրշեջ-փրկարարական ջոկատը։ ՄՓՎ ղեկավար անձնակազմի ուղեկցությամբ Հ․ Ռոստոմյանը շրջեց մարզային վարչության տարածքով, եղավ մարզային ճգնաժամային կառավարման կենտրոնում, ծանոթացավ նյութատեխնիկական հագեցվածությանը՝ փրկարարական գույքին և սարքավորումներին, ինչպես նաև՝ կատարվող բարեկարգման աշխատանքներին։

ԱԻ նախարարության ՓԾ քաղպաշտպանության վարչության ուժերի հավաքական կենտրոնի Նոյեմբերյանի և Բերդի հատուկ օբյեկտների պահպանության ջոկատներ շրջայցը ԱԻ նախարար Հ․ Ռոստոմյանը սկսեց Սարիգյուղ սահմանամերձ համայնքի հենակետից։ Նա եղավ նաև Ոսկեվան, Դովեղ, Ազատամուտ, Մովսես և Չինարի համայնքների հենակետերում։ Հենակետերը համալրված են անհրաժեշտ գույքով, և կարիքի դեպքում իրականացնում են նաև համայնքներում արտակարգ իրավիճակների արձագանքում։ Հենակետի անձնակազմն անցնում է ինչպես առաջին բուժօգնության, այնպես էլ փրկարարական գործի վերապատրաստում։ Սահմանամերձ Մովսես համայնքի հենակետը գտնվում է Սուրբ Կույս Աստվածածին եկեղեցու հարևանությամբ, որտեղ նախարարի և հենակետի անձնակազմի համար Տերունական աղոթք կարդաց Տեր Աբել քահանա Քարտաշյանը։

Աշխատանքային այցի ավարտին ԱԻ նախարար Հ․ Ռոստոմյանն արդյունքներն ամփոփելու համար խորհրդակցություն գումարեց մարզային փրկարարական վարչությունում։ Գերատեսչության ղեկավարը հանձնարարականներ տվեց բարձրաձայնված խնդիրներն ըստ առաջնահերթության լուծելու համար։ Նա բարձր գնահատեց Նոյեմբերյանի և Բերդի հատուկ օբյեկտների պահպանության ջոկատների 6 հենակետերի ծառայողների բարոյահոգեբանական վիճակը, պատրաստվածության, կարգապահության և կազմակերպվածության մակարդակը՝ նշելով, որ տղաները պետք է օրինակ լինեն յուրաքանչյուր փրկարարի համար։

Միևնույն ժամանակ նախարար Ռոստոմյանն արձանագրեց մի շարք կազմակերպչական և կարգապահական թերություններ մարզային փրկարարական վարչությունում։ Նախարարը խստիվ կարգադրեց սեղմ ժամկետներում շտկել հայտնաբերված թերությունները։

-Այստեղ ես նկատեցի լուրջ կազմակերպչական և կարգապահական թերություններ, որոնք անհապաղ պետք է վերացնել։ Դուք ծառայում եք մի քանի անգամ ավելի լավ պայմաններում, քան սահմանամերձ համայնքների հենակետերի տղաները, բայց ձեզ մոտ հակառակ պատկերն է։ Խիստ նկատողություն եմ տալիս վարչության ղեկավար կազմին և քիչ ժամանակ բացթողումները վերացնելու համար, - ասաց նախարար Ռոստոմյանը։

Խորհրդակցության ընթացքում նախարարը հետաքրքրվեց նաև մարզի առավել հրդեհավտանգ և արտակարգ իրավիճակների առումով խոցելի գոտիների մասին։ Տարածքային հրշեջ-փրկարարական ջոկատների հրամանատարները նախարարին զեկուցեցին իրենց կարիքների և անձնակազմի պատրաստվածության հետ կապված հարցերը։ Ավարտին նախանշվեցին մարզում առկա խնդիրների լուծման միջոցառումներն ու ուղղությունները։