Հայաստանի Հանրապետության սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Հրաչյա Ռոստոմյանն ամփոփեց պաշտոնավարման առաջին տարին:
«Մեր թիրախներից մեկը եղել է մասսայական սպորտը: 2016 թվականին նախարարության ծրագրերին մասնակցել են 62 հազար մարդ: Համեմատելով նախորդ տարվա հետ՝ մենք կրկնակի աճ ենք գրանցել: Կառավարությունից ստացել ենք 668 հանձնարարական, որոնցից 615 կատարվել է, իսկ մնացածն ընթացքի մեջ են»,-լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Սպորտի և երիտասարդության հարցերի նախարարը:
Ռոստոմյանը խոսեց նաև վերջին շրջանում ծանրամարտում առկա դոպինգային սկանդալի մասին: «Մենք այդ խնդիրը ծանրամարտի հետ կապված ունենք և ոչինչ չի անցել, սպասում ենք, որ ամսվա վերջում միջազգային ֆեդերացիան պատասխան տա»,-ասաց նախարարը:
Նախարարն անդրադարձավ նաև Արթուր Ալեքսանյանի անվան մարզադպրոցին: «Ալեքսանյանի անվան մարզադպրոցը պետք է լինի իր նվաճումներին և կոչումներին համապատասխան: Մոտ 40 օրից մարզադպրոցի նախագիծը կներկայացնենք երկրի Նախագահին և հավանություն ստանալու դեպքում հաջորդ տարի կսկսվի շինարարությունը»,-շեշտեց Ռոստոմյանը: