Թուրքագետ Հակոբ Չաքրյանը կարծում է, որ Թուրքիայում ՌԴ դեսպան Անդրեյ Կառլովի սպասնության մեջ Արևմուտքի հետքն ակնհայտ է: Նրա խոսքով՝ դրանով Արևմուտքն ուզում է սեպ խրել ռուս-թուրքական հարաբերությունների մեջ:
«Թուրքական կողմը խիստ անհանգստացած է, բայց այդ հանցագործության հետևում թուրքական իշխանությունները չեն կանգնած: Արևմուտքի ճնշումները Ռուսաստանի վրա՝ գնալով ակնհայտ են դառնում, հետևաբար, ես կասեի, որ այդ հանցագործությունը կազմակերպվել է հենց Արևմուտքի կողմից»,- ԼՈւՐԵՐ.com-ի թղթակցի հետ զրույցում ասաց նա:
Թուրքագետը նշեց, որ դրանով Արևմուտքը փորձում է ռուս-թուրքական հարաբերությունների մեջ սեպ խրել, սակայն կարծում է, որ ամեն դեպքում՝ դա նրան չի հաջողվի: «Արևմուտքն ամեն ջանք գործադրում է, որպեսզի դրան հասնի, բայց չեմ կարծում, որ այս անգամ ինչ-որ հաջողությունների հասնի: Թե՛ թուրքական, թե՛ ռուսական կողմերը շատ պարզ ու հստակ հայտարարել են, որ դա սադրանք է, որին կուլ չեն գնա: Միացյալ Նահանգներն այսօր մի մեծ խնդիր ունի, որը փորձում է լուծել: Դա կապված է ԵՄ հետ համագործակցության հետ, որը, սակայն, փորձում է թաքցնել: Շատ հնարավոր է, որ նա գնաց այս քայլին՝ Եվրամիությանը հաճոյանալու համար»,- ասաց թուրքագետը:
Ինչ վերաբերում է թուրքական հետքին, ապա Հակոբ Չաքրյանը դա բացառեց, քանի որ թուրքական իշխանությունները դեմ են ռուս-թուրքական հարաբերությունների վատթարացամանը, հետևաբար, չէին կարող գնալ այդ քայլին. «Էրդողանն ու նրա իշխանավորները չափավոր իսլամական են, հետևաբար չեմ կարծում, որ պատվիրատուն Թուրքիան է՝ ի դեմս Էրդողանի: Նրանք արմատական են, և բացառվում է, որ գնային այդպիսի քայլի: Ես համոզված եմ, որ այդ հանցագործության պատվիրատուն նրանք չէին կարող լինել, բայց չի էլ բացառվում, որ դրա հետևում կանգնած լինեն հակաէրդողանականները՝ արմատական ընդդիմությունը: Կոնկրետ տվյալներ չունեմ, բայց չեմ էլ բացառում»,- ասաց նա:
Ճշտող հարցին՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ ռուս-թուրքական հարաբերությունները շատ փխրուն են, հնարավո՞ր է, որ հետագայում միջադեպը որևէ կերպ անդրադառնա այդ հարաբերությունների վրա, Չաքրյանը պատասխանեց, որ այդպիսի հավանականություն տեսնում է. «Հնարավոր է, որովհետև այդ հարաբերությունները մեծ դժվարությամբ վերականգնվեցին: Ամեն ինչ կախված է Թուրքիայի իշխանություններից, քանի որ այդ վերականգնումը նախկին մակարդակին չի հասել»,- ասաց նա:
Հիշեցնենք, որ նախօրեին Թուրքիայում ՌԴ դեսպանի դեմ մահափորձն իրականացվել է լուսանկարչական ֆոտոցուցահանդեսի ժամանակ: Մարդասպան Մևլութ Մերթ Ալթընթաշը, որը նախքան այդ 2.5 տարի աշխատել է ոստիկանությունում, սպանվել է դեպքի վայր ժամանած իրավապահների կողմից: Նա աշխատել է ոստիկանությունում: Տեղեկություններ կան, որ նրա ձեռքի զենքը եղել է թուրքական արտադրության, որն էլ ենթադրում է, որ դեսպանի սպանության հետևում կանգնած են թուրքական իշխանությունները, սակայն թե՛ թուրքական, թե՛ ռուսական կողմն արդեն հայտարարել են, որ սա սադրանք է, որով փորձում են սեպ խրել երկու երկրների բարեկամական հարաբերությունների մեջ:
Արմինե Եփրեմյան