Ղազախստանի Ազգային անվտանգության կոմիտեն Ալմաթիում եւ երկրի երեք մարզերում հատուկ գործողություն է անցկացնում Ղազախստանում, Ռուսաստանում եւ մի շարք այլ երկրներում արգելված «Աթ Թաքֆիր ուալ Հիջրա» ծայրահեղական կազմակերպության դեմ:
Ինչպես ասված է կոմիտեի կայքում զետեղված հայտարարության մեջ, գործողությունը միաժամանակ ընթանում է Ալմաթիի Ակտյուբինսկի, Աթիրաույի մարզերում եւ Ալմաթի քաղաքում:
Արդեն ձերբակալված է 16 մարդ, նրանց տներում կատարվում են խուզարկություններ եւ «օպերատիվ-քննչական այլ գործողություններ»: Նրանց մեղադրանքներ են ներկայացված կրոնական թշնամանք բորբոքելու համար:
«Աթ Թաքֆիր ուալ Հիջրա» ծայրահեղական կազմակերպությունն արգելված է ԱՄՆ-ում, Ռուսաստանում, Չինաստանում, Եգիպտոսում, Լիբիայում, Մարոկոյում, Տաջիկստանում, Ուզբեկստանում եւ մի շարք այլ երկրներում, նշել են Ազգային անվտանգության կոմիտեում: