Անկախ այն բանից, թե ով ինչպես է վերաբերվում իշխանություններին՝ ջերմությամբ, թե՝ հակակրանքով, բարեբախտաբար, աշխարհը վաղուց ստեղծել է միանգամայն օբյեկտիվ չափորոշիչներ, որոնց շնորհիվ հնարավոր է դառնում տալ, հնչեցնել գնահատականներ, որոնց իսկության մեջ շատ քչերն են, որ կարող են կասկածել. գոյություն ունեն մի շարք անկախ միջազգային կազմակերպություններ, որոնք պարբերաբար համաշխարհային մասշտաբով մոնիթորինգներ են անցկացնում ու փորձում պարզել, թե այս կամ այն երկրում ինչ տենդենցներ են հասունանում, ինչպիսին է համաշխարհային ժողովրդավարության վիճակը, որքանով է կոռուպցիան արմատացած աշխարհի երկրներում և այլն:

Համաշխարհային կառավարման համակարգում կարևորագույն գործառույթ ունեցող գործիքակազմերից մեկը հանդիսացող «Թրանսփարենսի Ինթերնեյշնլ հակակոռուպցիոն կենտրոն» հասարակական կազմակերպության կողմից հրապարակվել է մի խիստ հետաքրքրական զեկույց, ուր բավական յուրահատուկ կերպով ամփոփված են վարչապետ Կարեն Կարապետյանի պաշտոնավարման 100 օրվա արդյունքները:

Զեկույցից պարզ է դառնում, որ մինչ այդ հնչած բոլոր այն գնահատականները, ըստ որոնց՝ Կարապետյանի կառավարման ամիսները գործնականում որևիցե էական նշանակություն չեն ունեցել Հայաստանում առկա կոռուպցիայի, պետական թալանի, իշխանությունների նկատմամբ ժողովրդի ունեցած վստահության վրա, ոչ միայն համապատասխանում են իրականությանն, այլև խիստ մեղմորեն են արտահայտում այն իրավիճակը, որ ստեղծվել է երկրում սեպտեմբերի 13-ից հետո. կազմակերպությունը լրջագույն խնդիրներ է մատնանշել պետական կառավարման այնպիսի ոլորտներում, ինչպիսիք են՝ պետական գնումները, իրականացվող կադրային քաղաքականությունը, անպատժելիության մթնոլորտը, երկրում ժողովրդավարության հետընթացը և այլն:

Ավելին՝ զեկույցից պարզում ենք, որ «թեպետ առաջին իսկ օրվանից Կարապետյանի նշանակումը և ծավալած ակտիվ գործունեությունը Հայաստանի քաղաքացիների մոտ ձևավորել էր ակնկալիքների նոր ալիք՝ երկրում տնտեսական և սոցիալական հնարավոր բարեփոխումների առումով, սակայն, կառավարության գործունեության օրեցօր ակտիվացման համատեքստում առաջանում են բազմաթիվ խնդիրներ, որոնք մտահոգիչ են և կասկածի տակ են դնում ձեռնարկվող քայլերի բուն նպատակն ու դրական ելքը»: Համաձայնե՛ք՝ ավելի դիպուկ հնարավոր չէր նկարագրել երկրում ստեղծված իրավիճակը:

Իսկ թե ինչով կարող էին պայմանավորված լինել ժողովրդի շրջանում ամիսներ առաջ նկատվող թոհուբոհն ու դրական սպասելիքների մթնոլորտը, կարծում ենք, այնքան էլ դժվար չէ կռահել. իշխանական ծայրահեղացված պրոկարապետյանական պրոպագանդան էր, որի բուն նպատակն երկրում վերահաս բարեփոխումների կեղծ իմիտացիա ստեղծելն էր՝ հառաջս ապրիլյան վերահաս ընտրությունների. ՀՀԿ «ռեբրենդինգը» հարկավոր էր հնարավորինս արդյունավետորեն գլուխ բերել: Անցան, սակայն, ամիսներ, ու պարզ դարձավ, որ իրականությունը շատ ավելի դաժան էր, քան կարելի էր նույնիսկ պատկերացնել. ոչ մի ռազմավարական նշանակության քայլ, ոչ մի՝ ապագային միտված մարտավարություն: Տպավորություն է՝ ասես ազգովի ականատես ենք դառնում վատ սցենարով բեմադրված անտաղանդ մի ներկայացման, որում ներգրավված դերասանների խաղացանկը չափից դուրս սահմանափակ է՝ զերծ մարդկային ֆանտազիայի փոքրիկ նշույլներից անգամ:

Այսքանից հետո մնում է, պարզապես, հուսալ, որ այս ամենից իշխանությունները գոնե ինչ-որ կերպ դասեր կքաղեն ու կդադարեն այն էժանագին տեխնոլոգիաների կիրառումը, որոնք մշակվել էին՝ հասարակությանը խաբեության մեջ գցելու համար. 21-րդ դարը հիմարների դար չէ, ու բոլորն էլ հրաշալիորեն հասկանում են՝ ինչ է կատարվում Հայաստանում:

Դավիթ ԲԱԲԱՆՈՎ