«Պատերազմի վերսկսման վտանգը միշտ էլ եղել է ու կա, բայց չեմ կարծում, որ Ադրբեջանը հասնի իր նպատակին»,- ԼՈւՐԵՐ.com-ի թղթակցի հետ զրույցում անդրադառնալով հարցին՝ թե ապրիլյան գործողություններին նպաստեց նաև Թուրքիան, արդյոք ռուս-թուրքական հարաբերությունների հնարավոր սրացման դեպքում նոր պատերազմն անխուսափելի կլինի, ասաց ԼՂՀ նախագահի խոսնակ Դավիթ Բաբայանը:

 

«Ադրբեջանն այդ աննորմալ քայլին դիմեց՝ չունենալով որևէ օբյեկտիվ հիմք: Նա կարծում էր, թե հայ ժողովուրդը պառակտված է և պետականության հանդեպ կա ատելություն, բայց իր հաշվարկներում նա չարաչար սխալվեց: Պարզից էլ պարզ է, որ հավասարակշռությունը տարածաշրջանում պահպանվում է, այդ թվում՝ ժամանակակից զենքերի առումով, և ասել, որ պատերազմ վերսկսելու դեպքում Ադրբեջանը կունենա հաղթանակներ՝ այդպես չէ»,- ասաց նա:

 

Դավիթ Բաբայանի խոսքով՝ Ադրբեջանն առայժմ այդպիսի արկածախնդրության չի գնա, բայց դա չի նշանակում, թե նման հավանականություն չկա. «Պետք է միշտ ուժեղ լինել և պատրաստ: Ինչ վերաբերում է Թուրքիային, ապա գաղտնիք չէ, որ Թուրքիան միշտ սատարել և սատարում է Ադրբեջանին: Քառօրյա պատերազմի ժամանակ էլ նա օգնում ու թև ու թիկունք էր  տալիս: Ճիշտ չէ Թուրքիային վերաբերվել մի չեզոք երկրի, ով հետաքրքրություններ չունի Հայաստանում և Արցախում: Թուրքիան միշտ էլ իր հետաքրքրություններն է ունեցել մեր պետության նկատմամբ և նա էլ իր հերթին է սադրանքների դիմում ու նորից կդիմի»,- եզրափակեց նա:

 

Անդրադառնալով 2017 թվականից սպասելիքներիին՝ Բաբայանը նշեց, որ սպասելիքներն այդքան էլ մեծ չեն, սակայն ամեն ինչ անելու են, որպեսզի հայկական սահմանն ու հայկական բանական ամուր լինի. 

 

«Իհարկե, եղել են բացթողումներ և այսօր էլ անելիքները շատ են, բայց  մենք պետք է ավարտին հասցնենք Մարտակերտ-Սոթք մայրուղու վերանորոգման աշխատանքները: Պետք է շարունակենք ամրապնդել մեր ու մեր բանակի դիրքերը: Առաջնային այս բոլոր խնդիրները պետք է հաջորդ տարի արդեն լուծված լինեն, որպեսզի տարածաշրջանում խաղաղությունը գոնե պահպանենք»,- ասաց նա: