Փորձագետներն ամանորյա արձակուրդներից հետո ստուգելու են գործարար Արամ Պետրոսյանի մեղսունակությունը, որը Մոսկվայում պատանդներ էր վերցրել «Սիթիբանկ»-ի՝ Բոլշայա Նիկիտինսկայա փողոցում գտնվող մասնաճյուղում: Այդ մասին ՌԻԱ Նովոստիին հայտնել է նրա փաստաբան Ստանիսլավ Մալցեւը:
«Հետաքննությունը Պետրոսյանի ստացիոնար հոգեբանահոգեբուժական փորձաքննություն էր նշանակել դեռ նոյեմբերի վերջին, բայց քանի որ մասնագետների մոտ մեծ հերթեր են գոյացել, այն մինչ այժմ չեն անցկացրել, պլանավորվում է, որ հետազոտությունը կկայանա ամանորյա տոներից հետո»,-ասել է դատապաշտպանը:
Մասնագետները պետք է պարզեն՝ մեղսունակ է արդյոք բիզնեսմենը եւ կարող է արդյոք պատասխան տալ իր գործողությունների համար: Ընդ որում՝ ավելի վաղ տեղեկացվել է, որ փորձաքննությունն արդեն Պետրոսյանին մեղսունակ է ճանաչել: Արդյոք այժմ խոսքը կրկնական փորձաքննության մասին է, չի ճշտվում:
Պետրոսյանը մեղադրվում է ահաբեկչության եւ պատանդառության մեջ, դատարանի որոշմամբ նա կալանքի տակ է պահվում, ձերբակալության ժամկետը սահմանված է մինչեւ 2017 թվականի փետրվարի 24-ը:
«Մենք բողոքարկել ենք Պետրոսյանի ձերբակալման ժամկետի երկարացումը, խնդրում ենք Մոսկվայի քաղաքային դատարանին՝ նրան ենթարկել տնային կալանքի: Մեր գանգատի քննության ամսաթիվն առայժմ նշանակված չէ»,-ասել է Մալցեւը:
Օգոստոսին գործարար Արամ Պետրոսյանը Մոսկվայի կենտրոնում չորս պատանդ էր վերցրել «Սիթիբանկ»-ի մասնաճյուղում՝ սպառնալով պայթեցնել այն: Բայց այնուհետեւ նա հերթով բաց է թողել բոլոր պատանդներին եւ հանձնվել իրավապահներին:
Պարզվել է, որ այն իրը, որը նա որպես ռումբ էր ներկայացնում, մուլյաժ է: Ինչպես հարցաքննության ժամանակ հայտարարել է Պետրոսյանը, իր արարքով ինքը ցանկանում էր ուշադրություն հրավիրել սնանկացումների խնդրի վրա:
Լուսանկարը' Sputnik