Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն հայտարարել է, որ Սիրիայում ամեն պահ կարող է հաստատվել հրադադար, ինչի շուրջ թուրքական կողմն աշխատում է Ռուսաստանի հետ: Այս մասին տեղեկացնում է թուրքական «Միլլիեթ» պարբերականը:
Թուրքական հեռուստաընկերությանը տված հարցազրույցում Չավուշօղլուն ուղիղ եթերով հայտարարել է, որ ռուս և թուրք պաշտոնյաները դեկտեմբերի 29-ին կրկին կհանդիպեն: «Եթե ամեն բան հարթ ընթանա, Ռուսաստանի հետ համաձայնության կգանք: Աշխատում ենք երկու փաստաթղթի շուրջ»,- ասել է Թուրքիայի արտգործնախարարը:
Նա հերքել է Սիրիայի նախագահ Բաշար Ասադի հետ հանդիպելու հավանականությունը' ասելով, որ Աստանայում Ասադի հետ բանակցային սեղանի շուրջ նստելու մասին խոսք լինել չի կարող:
Հայտարարելով, որ Սիրիայում հրադադարի ռեժիմի երաշխավորը լինելու են Թուրքիան ու Ռուսաստանը' Չավուշօղլուն հայտարարել է, որ դեռևս հայտնի չէ, թե արդյոք գործընթացում ներգրավված լինելու է Իրանը: