Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն կարծիք է հայտնել այն մասին, որ ԱՊՀ-ն կարող էր լուծել Լեռնային Ղարաբաղի և Դոնբասի խնդիրները, սակայն չի անում դա' ելնելով անդամ երկրների տարբեր հետաքրքրություններից: Այս մասին Լուկաշենկոն խոսել է «Միր» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում:
«Եթե մենք ԱՊՀ շրջանակում լուծեինք մերձդնեստրյան, Լեռնային Ղարաբաղի, Դոնբասի խնդիրները, ապա ինչ-որ մի տեղ եվրասիական տարածաշրջանում անհրաժեշտ կլիներ կանգնեցնել ԱՊՀ հուշարձանը: Մենք հաճախ դա չենք անում, ոչ թե որովհետև հնարավոր չէ, այլ քանի որ գործ ունենք տարբեր շահերի հետ»,- նշել է Լուկաշենկոն:
Անդրադառնալով Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը' Բելառուսի նախագահը շարունակել է. «Կարծում եք Լեռնային Ղարաբաղի բնակչությունը լա՞վ է ապրում' մշտապես ենթարկվելով հստակ ռազմական խնդիրների: Նրանք պարզապես շարունակում են ապրել' սպասելով, որ վաղը իրենց հետ մի բան չպատահի, օրինակ, ռումբ չընկնի իրենց վրա: Դա նորմա՞լ է: Բացարձակապես ոչ: Որևէ մեկը շահ ունի՞ դրանից: Ոչ ոք»: