Հայաստանը հուսով է, որ եռանախագահներն հետևողական կլինեն' անհապաղ խստորեն արձագանքելու հակամարտության գոտում ուժի կամ ուժի սպառնալիքի յուրաքանչյուր դրսևորմանը' հատկապես, երբ հրադադարի խախտման արդյունքում զոհեր են լինում: Չպետք է թույլ տալ, որ ուշացած արձագանքը խախտումներ իրականացնողի կողմից ընկալվի, թե իր գործողությունները կարող են հանդուրժվել։ Այս մասին ասել է ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը:
-Ինչպե՞ս կմեկնաբանեք ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների երեկ տարածված հայտարարությունը հայ-ադրբեջանական սահմանին ադրբեջանական դիվերսիոն հարձակման փորձի վերաբերյալ:
- Համանախագահները անդրադառնում են նրան, ինչի մասին մենք մշտապես հետևողականորեն բարձրաձայնում ենք: Համաձայն ենք նրանց հետ, որ հրադադարի խախտումներն անընդունելի են: Համաձայն ենք, որ պետք է անվերապահ իրականացվեն Վիեննայում և Սանկտ Պետերբուրգում ձեռք բերված պայմանավորվածությունները, ներառյալ, ինչպես նշում են համանախագահները, հնարավորինս կարճ ժամանակահատվածում ներդրվի միջադեպերի հետաքննության մեխանիզմը: Եռանախագահ երկրները բազմիցս են նշել, թե որ կողմն է մերժում մեխանիզմի ներդրումը, հետևաբար, հենց այդ կողմի վրա է ընկնում միջադեպերի և զինադադարի խախտումների ողջ պատասխանատվությունը։ Նման մեխանիզմը հնարավորություն կընձեռնի, ինչպես համանախագահներն են ասում, ձերբազատվել փոխադարձ մեղադրանքներից: Թեև երբ ադրբեջանական դիվերսանտը վնասազերծվում է հայկական դիրքերում՝ բոլորի համար, առանց մեխանիզմի էլ պարզ է, թե ով է հարձակվել:
Հուսով ենք, որ եռանախագահներն հետևողական կլինեն' անհապաղ խստորեն արձագանքելու հակամարտության գոտում ուժի կամ ուժի սպառնալիքի յուրաքանչյուր դրսևորմանը' հատկապես, երբ հրադադարի խախտման արդյունքում զոհեր են լինում: Չպետք է թույլ տալ, որ ուշացած արձագանքը խախտումներ իրականացնողի կողմից ընկալվի, թե իր գործողությունները կարող են հանդուրժվել։ Ինչպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներն են բազմիցս շեշտել՝ 1994-1995թթ զինադադարի եռակողմ համաձայնագրերի անվերապահ կատարումը պարտադիր է, դրանց խախտումների հետևանքով արձանագրված միջադեպերը անընդունելի են և լուրջ վնաս են հասցնում կարգավորման գործընթացին: Այն պայմաններում, երբ Ադրբեջանը խոչընդոտում է հետաքննության մեխանիզմի ներդնումը և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի թիմի կարողությունների ընդլայնումը, համանախագահները մնում են այն եզակի ձևաչափը, որն իր մանդատի համաձայն կարող է և պետք է շարունակի իր կանխարգելիչ գործունեությունը: