Անկախությունից ի վեր՝ հայրենի քաղաքական դաշտը փորձում է ձերբազատվել գաղափարական սնանկությունից և հատկապես նախընտրական շրջանում ակնառու դարձող ծրագրային պայքարի բացակայությունից: Այսօր էլ մեր քաղաքական դաշտը գտնվում է գաղափարական խոր ճգնաժամի մեջ: Անշուշտ, կան բազմաթիվ քաղաքական ուժեր, ձևավորվում են նորերը, առաջ են քաշվում գաղափարներ, նախընտրական պլատֆորմներ են կազմվում և հրամցվում հասարակությանը, սակայն միևնույնն է՝ հնարավոր չէ ձերբազատվել քաղաքական ակտիվության իմիտացիայի զգացումից:


Քաղաքացին այլևս չի հետաքրքրվում նախընտրական ծրագրերով, քանի որ դրանք մեծամասամբ կրկնօրինակում են միմյանց: Հասարակությանը հուզող առաջնային խնդիրներն են՝ երկրում սոցիալ- տնտեսական վիճակի բարելավումը, անվտանգության մակարդակի բարձրացումը, արտագաղթը կանխող մեխանիզմների ստեղծումը: Թվում է, թե կուսակցությունները պետք է ակտիվորեն լծված լինեին այս խնդիրների կարգավորման ուղիներն առաջարկելու գործին, բայց արի ու տես, որ մեր քաղաքական դաշտում զբաղված են առավելապես ձայներ կիսելով. այն ձայները, որոնք դեռ չեն էլ ստացել: Ինչ խոսք, մեր քաղաքական դաշտին խիստ բնորոշ է՝ կիսել դեռ չսպանված արջի մորթին…


Ընտրությունների նախաշեմին մշտապես ականատես ենք լինում նեղ անձնական շահերի, ամբիցիաների բախմանը՝ հակառակ բովանդակային, ծրագրային պայքարի ականատես լինելու՝ հասարակության սպասումներին: Հայաստանյան քաղաքական դաշտը՝ ողջ ներքին պառակտվածությամբ եւ թվացյալ բեւեռացմամբ հանդերձ, նույնական է Հայոց պետականության եւ ՀՀ ազգային անվտանգության հիմնախնդիրների նկատմամբ որդեգրած հայեցակարգային բովանդակազրկությամբ եւ գաղափարական սնանկությամբ: Եզակի կուսակցություններ, այն էլ՝ լրջագույն վերապահումներով հանդերձ, կարող են դիտարկվել որպես կուսակցություն՝ բառիս դասական իմաստով:


Քաղաքական գործընթացները մեզանում մշտապես (չհաշված որոշ հատուկենտ դեպքերը) կրել են իմիտացիոն բնույթ, այդ գործընթացներում մշտապես բացակայել է ամենակարևորը՝ գաղափարական տարրը, քանզի հաճախ ենք ականատես լինում, որ անհատները քաղաքական դաշտ են մտնում անձնական, բիզնես, այլ ոչ թե քաղաքական-գաղափարական մղումներից ելնելով: Շատ կուսակցությունների մոտ քաղաքական գաղափարախոսությունը, պետության և հասարակության զարգացման գաղափարախոսական տեսությունը իրենց տեղը զիջել են սեփական կուսակցության և կուսակցության առաջնորդի անձին հյուսված անձապաշտական «գաղափարախոսությանը»: Այս խնդիրն ունի խորքային բնույթ և առնչվում է թե´ հասարակության, և թե´ քաղաքական ուժերի ու նրանց լիդերների քաղաքական կուլտուրայի ցածր մակարդակին, քաղաքականության ոչ ճիշտ ընկալմանը և քաղաքականության մեջ նրանց գտնվելու ոչ քաղաքական մոտիվացիային:


Խնդիրն ուղղակիորեն առնչվում է հայաստանյան քաղաքական էլիտայի անկենսունակության հետ: Եվ չնայած այն հանգամանքին, որ մեզանում կան որոշ, խիստ սահմանափակ թվով կուսակցություններ, որոնց առաջնորդները բավականին երիտասարդ են, բարեփոխումների հակված, այնուամենայնիվ, պետք է նշել, որ հայաստանյան քաղաքական էլիտան գտնվում է ճահճացած և անմեղսունակ վիճակում, որից դուրս գալու միակ ճանապարհը վերոնշված գործիչներին ավելի մեծ հնարավորություններ ընձեռելն է՝ նպաստելով մեր քաղաքական էլիտայում նրանց քաղաքական կշռի մեծացմանը և, մեծ հաշվով, քաղաքական էլիտայի երիտասարդացմանը թե´ ընդդիմադիր, և թե´ մյուս ճամբարներում: Միայն այդպես հնարավոր կլինի հաղթահարել քաղաքական դաշտի տասնամյակներ տևող գաղափարական և ծրագրային սնանկությունը:


Ստելլա Խաչատրյան