Երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի երեկվա ասուլիսը լայն ռեզոնանսի առիթ է հանդիսացել, հանրությունը քննարկում է այն հիմնական մեսիջները, որոնք շուրջ մեկ ու կես ժամանոց ասուլիսի ընթացքում փոխանցեց Քոչարյանը: Որոնք՞ են դրանք:
Նախ և առաջ Քոչարյանը ի վերջո ձևակերպեց իր քաղաքական հայտը. նա մասնակցելու է արտահերթ խորհրդարանական ընտրություններին, անկախ նրանից՝ կմնա Փաշինյանը, թե ոչ: Միակ հարցը, թերևս, այն է, թե ինչ քաղաքական պլատֆորմով է երկրորդ նախագահը պատրաստվում իրացնել իր քաղաքական հայտը: Նա չբացառեց 17+ ի մեջ մտնող քաղաքական ուժերի հետ համագործակցությունը, ինչպես և գրել էինք օրեր առաջ՝ դա հավանական է, քանի որ այդ 17+ ի մեջ կան քաղաքական ուժեր, որոնք պատրաստակամ կլինեն Քոչարյանի հետ մեկ ֆորմատով հանդես գալ:
Երկրորդ մեսիջը վերաբերվում էր պատերազմի պայմանավորված բնույթին: Ըստ էության, Քոչարյանը ակնարկում է, որ հենց այդպես էլ եղել է , ընդ որում՝ պայմանավորվածության մաս են կազմել ինչպես Հայաստանի, այնպես էլ Արցախի իշխանությունները:
Երրորդ մեսիջը՝ հարցազրույցի ընթացքում մի քանի անգամ հնչեց փող տարածքների դիմաց բանաձևը, իսկ մենք գիտենք , որ այդ բանաձևի հեղինակը բոլորիս քաջ ծանոթ Ջոն Բոլթոնն է, իսկ բանաձևը հենց այդպես էլ կոչվում էր՝ Բոլթոնի պլան և ենթադրում էր Արցախի տարածքները հանձնելու դիմաց ֆինանսական աջակցություն: Քոչարյանը, հիշատակելով բանաձևը, ընդգծում է տեղի ունեցածում արևմտյան հետքը, զուգահեռներ անցկացնելով այն ջանասիրության հետ, որով Փաշինյանը կազմաքանդում էր ռազմավարական դաշնակից Ռուսաստանի հետ Հայաստանի հարաբերությունները՝ թուլացնելով Հայաստանի և Արցախի անվտանգային միջավայրը:
Չորրորդ մեսիջը վերաբերվում էր հենց Ռուսաստանին' ակնարկելով, որ Հայաստանը ռազմավարական դաշնակցից վեր է ածվել պրոտեկտորատի՝ Քոչարյանը, ըստ էության, ակնարկում է, որ Ռուսաստանի հետ հավասարը-հավասարին խոսելու հնարավորություն Հայաստանին կարող է լավագույն կերպով ընձեռել ինքը՝ ունենալով կապեր ռուսական քաղաքական դաշտում և բարեկամական հարաբերություններ ՌԴ նախագահ Պուտինի հետ: Ասվածից կարելի է եզրակացնել, որ ձևակերպելով քաղաքական հայտը' Քոչարյանը լծվելու է իր շուրջ պրո-ռուսական ուժերի համախըմբմանը և ընտրություններին հանդես է գալու հենց այդ բևեռով...