Չնայած Հայաստանն անցում է կատարել խորհդարանական կառավարման համակարգին, որն ինքնըստինքյան ենթադրում է Ազգային ժողովի դերի անհամեմատ բարձրացում երկրի կառավարման հարցում, սակայն դատելով ՀՀ գլխավոր օրենսդիր մարմնի ներկայիս պատկերից, կարող ենք հիմնավորապես պնդել, որ այդ իրողությունը որևիցե դրական ազդեցություն չի ունեցել կառույցի բովանդակային մասի վրա. նույն քրեաօլիգարխիկ դեմքերն են, գրեթե նույն գործիչները, որոնք արդեն մեկ անգամ հասցրել են ինքնադրսևորվել ԱԺ պատերից ներս. 6-րդ գումաման ԱԺ-ն 5-րդ գումաման ԱԺ-ից ոչնչով, փաստացի, չի տարբերվում:
Հարց է առաջանում՝ որքանո՞վ կարող է այս պատկերը ձեռնտու համարվել իշանություններին՝ կառույցն ու դրա ներսում գործունեություն ծավալողներին վերահսկելի պահելու տեսանկյունից, և արդյոք այս անհերքելի իրողությունը իրականում չի՞ նպաստում նույն պատգամավորների կառավարելիությանը: Ով ինչ ուզում է ասի, բայց այսօր, շնորհիվ հենց վերոհիշյալ գործոնի՝ երկրի քաղաքական դաշտը կատարելապես վերհսկելի է ու, կարելի է ասել՝ լիովին կախված է առաջին հերթին հենց Ոստիկանության բարի կամքից. այսօր քաղաքական դաշտը վերահսկող ամենագլխավոր մարդկանցից մեկն, անկասկած, ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանն է:
Վարդան Ղուկասյանի՝ Գյումրվա նախկին քաղաքապետի՝ Աժ-ում հայտնվելը ոմանց համար ինչ-որ տեղ անակնկալ ստացվեց: Զարմանալի էր, թե այսքան մութ պատմությունների մեջ ներքաշված մարդն ինչպես կարող էր մուտք գործել մի կառույց, որի թիվ մեկ գործառույթն օրենք ստեղծելն է: Ուշագրավն այն է, որ դատելով Ղուկասյանի՝ ԱԺ սրահներում ցուցաբերած անբռնազբոս պահվածքից՝ տպավորություն էր, թե այս մարդը բոլորից ամենաազատն է իրեն զգում այստեղ ու ոչ միայն չի կաշկանդվում, այլև փորձում է հնարավորինս փայլել, ակտիվ լինել, ինքնադրսևորվել: Սակայն քիչ ժամանակ պահանջվեց, որպեսզի պարզ դառնա, որ Ղուկասյանի պարագայում այդ ակտիվությունը կարող է նրա համար իսկական «խաթայի» վերածվել. միայն Ղուկասյանի որդու կողմից բարձրացրած վերջին աղմուկը բավական դարձավ՝ հասկացնելու Աժ նորաթուխ պատգամավորին՝ ինչը որից հետո է: Չնայած Ոստիկանությունը ժամանակին արձնագրել էր Գյումրու Մուշ թաղամասի գազալցակայաններից մեկում նորընտիր պատգամավոր Վարդան Ղուկասյանի որդու՝ Սպարտակի մասնակցությամբ տեղի ունեցածը, սակայն գործին ընթացք չէր տվել: Այժմ, սակայն, Շիրակի դատախազությունը քրեական գործ է հարուցել խուլիգանության հատկանիշներով՝ ՀՀ քր.օր. 258 հոդվածի համաձայն: Չտեսնել կապ Ղուկասյանի ակտիվության ու նրա որդու մասնակցությամբ գործին ընթացք տալու միջև, ուղղակի անհնար է:
Իսկ ի՞նչ է այս դեպքը խորհրդանշում կամ վկայում: Վկայում է ակնհայտը. օրենքն այսօր, զուտ օբյեկտիվորեն, քաղաքական գործիքի է վերածվել, որով վերահսկվում է քաղաքական դաշտը: Քրեաօլիգարխիկ տարրերին իրենց շրջանակների մեջ պահելու, անկանխատեսելի կամ անցանկալի քայլերից հետ պահելու համար օրենքն այն կատարյալ միջոցն է,որը գործում է անխափան՝ ապահովելով իշխանությունների համար ցանկալի էֆեկտը: Այսօր ուղղակի փաստ է՝ շնորհիվ այս բանաձևի՝ առաջին հերթին հենց Վլադիմիր Գասպարյանն է լիակատարորեն վերահսկում դաշտում տիրող իրավիճակը՝ աննախադեպ ազդեցություն ունենալով դրա վրա:
Դավիթ ԲԱԲԱՆՈՎ