Ըստ մամուլում տարածված տեղեկությունների՝  ԱԺ պատգամավոր, գործարար Կարո Կարապետյանին պատկանող գործարանը վաճառվել է: Նշենք, որ «Վինար» ընկերության գործունեության պատճառով՝ տևական ժամանակ է, ինչ Արարատի մարզի Քաղցրաշեն համայնքի խաղողագործները հայտնվել են անելանելի իրավիճակում. նրանց հաճախ կարելի է հանդիպել Կառավարության կամ նախագահական նստավայրի դիմաց՝ բողոքի ցույց անցկացնելիս, կամ, օրինակ, ճանապարհ փակելիս: Նրանց ընդունել է դեռևս նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանը՝ յուր նախարարով, այնուհետև նորանշանակ գյուղնախարար Իգնատի Առաքելյանը դիմեց դատախազություն՝ գյուղերի բնակիչների նկատմամբ ունեցած պարտավորությունները չկատարելու համար «Վինար» ընկերությանը պատասխանատվության ենթարկելու պահանջով:

ԼՈւՐԵՐ.com-ի թղթակցի հետ զրույցում Գյուղատնտեսության փոխնախարար Ռոբերտ Մակարյանն ասաց, որ ինքն անձամբ է ճշտել՝ գործարանը չի վաճառվել. «Երեկ խոսել եմ տնօրեն Դավիթ Գալստյանի հետ (գործարանը վարձակալած Ավետ Գալստյանի որդի): Նա հավաստիացրեց, որ նման բան չկա: Եթե անգամ վաճառված էլ լիներ, գյուղացիները չեն կարող տուժել կամ չտուժել, քանի որ ընկերությունն արտադրություն չունի և գործարան չի համարվում»,- ասաց փոխնախարարը:

Մենք կապ հաստատեցինք նաև գործարանի սեփականատեր Կարո Կարապետյանի հետ՝ պարզելու՝ ճի՞շտ է արդյոք այն լուրը, թե «Վինար» ընկերության 70 տոկոսը վաճառվել է Սանկտ-Պետերբուրգում գրանցված «Դարվին» ընկերությանը: Կարապետյանը հերքեց լուրը. «ո՞ւմ են վաճառել, ո՞վ ա վաճառել: Մերն ա գործարանը, մենք չգիտե՞նք՝ ում են վաճառել, նման բան չկա»,- ասաց նա՝ մանրամասնելով.

«Ասում են՝ 30 %-ն է իմը, բայց 100 %-ն էլ մերն է, իմ տղայինն է: Թե չէ՝ մեկ էլ լսում եմ-ասում են՝ 70 տոկոսը եսիմ ումն է, 30%-ն է ընդամենը իմը»,- ասաց գործարարը: Իսկ ինչ վերաբերում է պարտքերի մարմանը՝ «Մենք կապ չունենք պարտքերը մարելու հետ»,-պնդում է պատգամավորը:

Նշենք, որ չնայած գործարանը պատկանում է պատգամավոր Կարո Կարապետյանին, հասարակության մեջ առավել հայտնի «Յուվեցի Կարո» մականվամբ, բայց, իր խոսքով, վարձակալությամբ է տրված մեկ այլ մարդու՝ Ավետ Գալստյան անվամբ, ով էլ պատասխանատու է գյուղացիների պարտքերը վճարելու հարցում.

«էտի վարձակալությամբ են վերցրել: «Վինարի» հետ ընդհանրապես կապ չունենք, չենք ճանաչում նրանց: Ոնց որ ձեր տունը վարձով տաք, բերեն-մարդ մորթեն, ասեն՝ դու ես պատասխանատու: Կլինի՞ տենց»,- այնուհետև ավելացրեց՝ «Վինար»-ը Գալստյան Ավոյինն է (նկատի ունի «Վինար» ընկերության տնօրեն Ավետ Գալստյանին), նա է մթերել, թող նա էլ ժողովրդի փողերը տա: 

Գործարանի տնօրենը «Փաստ» օրաթերթին ասել է նաև, որ այս պահին «Վինար»-ի պարտքը կազմում է 67.800.000 դրամ, և իրենք ամսական 18-20 մլն դրամով կրճատում են ժողովրդին ունեցած մեծ պարտքը: 

Հիշեցնենք, որ քաղցրաշենցիներին «Վինար» ընկերությունն ավելի քան 185 միլիոն դրամ է պարտք: Արարատի մարզի Քաղցրաշեն համայնքի խաղողագործները դեռևս նախորդ տարվանից պահանջում են որ մթերված տոննաներով խաղողի գումարը: Չնայած խոստումներին՝ խաղողագործների պարտքն այդպես էլ չի վճարվել: 

Սոնա Հարությունյան