Հայկական կողմը զբաղվում է բլոգեր Ալեքսանդր Լապշինի գործով: Այդ մասին կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀ արտաքին գործերի փոխնախարար Շավարշ Քոչարյանը: «Դժվար է կանխատեսել, թե ինչպես կլուծվի հարցը, քանի որ Ալիևի իշխանությունն անտեսում է միջազգային իրավունքի ցանկացած նորմ, գտնվում է միջազգային խաղից դուրս: Տվյալ դեպքում կոպտորեն խախտվել է տեղաշարժի ու խոսքի ազատությունը»,-ասաց Շավարշ Քոչարյանը:
Փոխնախարարը դրական գնահատեց նաև Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի գնահատականն այդ հարցի առնչությամբ:
122 երկիր այցելած լրագրողն Ադրբեջանի սև ցուցակում էր հայտնվել Արցախ այցից հետո: Մոտ մեկ ամիս առաջ Լապշինը ձերբակալվել էր Մինսկում' Բաքվի պահանջով: Ալեքսանդր Լապշինն ունի Իսրայելի և Ռուսաստանի քաղաքացիություն: Նա 2011-ից ներառված է Ադրբեջանի սև ցուցակում' Արցախ այցելելու և այդ այցերի վերաբերյալ համացանցում գրառումներ կատարելու պատճառով: Նյու Յորքում գործող լրագրողների պաշտպանության կոմիտեն Բելառուսի իշխանություններից պահանջել է անհապաղ ազատ արձակել նրան: Բելառուսի գլխավոր դատախազությունը, սակայն, քննարկում է Լապշինին Ադրբեջան արտահանձնելու հարցը: Արցախ այցելությունների համար Բաքվի սև ցուցակում արդեն 180 լրագրող կա: