Հումորիստ «կարգին Հայկոն» միացել է «Ելք» դաշինքին և այսօր ներկա էր դաշինքի համագումարին:
«Այս դաշինքում շատ լավ ընկերներ ունեմ, ստացել եմ հրավեր, բնականաբար, ընդունել եմ, ողջունում եմ ցանկացած նախաձեռնություն, որը մեր ապագա ԱԺ–ն կբերի բալանսի, այսինքն՝ չլինի մի կուսակցության որոշում, այլ որոշումները կախված լինեն մի քանի ուժերից։ Միայն այդ դեպքում ԱԺ–ն կարող է ժողովրդանպաստ որոշումներ կայացնել։ Ես պատրաստ եմ աջակցել բոլոր ուժերին, որոնք անկախ են և կողմնակից եմ բոլոր այն նախաձեռնություններին, որոնք կարող են վերացնել երկրում միակողմանի կառավարումը», - այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց դերասան Հայկ Մարությանը։
Դերասանի կարծիքով՝ այս դաշինքն այն դաշինքներից է, որը կարող է նեյտրալիզացնել այդ որոշումները. «Եթե կան ուժեր, որոնք նույնպես հրամանով չեն գործում, ես կողմնակից եմ բոլոր այդ ուժերին»։
«Ես ոչ մի կուսակցության չեմ անդամակցում, դա ինձ հնարավորություն է տալիս ավելի անաչառ լինել և ամեն ինչ տեսնել քաղաքացիների տեսանկյունից»,- ասաց Հայկ Մարությանը։
Հարցին, թե կուսակցության անդամ չլինելով՝ կարո՞ղ է առաջադրվել կուսակցությունների ցուցակում, Հայկ Մարությանը նշեց՝ «չի բացառվում» և ավելացրեց, որ առայժմ ցուցակում լինելու նպատակներ չունի. եթե զգա, որ ԱԺ–ում ավելի շատ բան կարող է անել, քան ԱԺ–ից դուրս, բնականաբար, որոշումն այդպիսին կարող է լինել։
«Ստեղծագործական աշխատանքը հնարավոր չի խոչընդոտել։ Չլինես հեռուստատեսությունում, կարող ես թատրոնում ներկայացում տալ, չլինես թատրոնում, կարող ես կինո նկարել, չլինես կինոյում, կարող ես գնալ արտասահման, այնտեղ կինո նկարել և ցուցադրել այստեղ, այսինքն, իմ բախտից՝ ստեղծագործական աշխատանքն այնպիսին է, որտեղ հնարավորությունները շատ ավելի լայն են, քան ինչ–որ բան ներկրելը, կամ չգիտեմ...»,– ասաց նա։
Սոնա Հարությունյան