Վարչապետ Կարեն Կարապետյանն ընդունել է Գյումրիում գործունեություն ծավալող տնտեսվարողներին, լսել նրանց խնդիրները և առաջարկությունները՝ գործարար միջավայրի բարելավման հետ կապված:

Ինչպես տեղեկացնում են Կառավարության լրատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, տնտեսվարողները կառավարության ղեկավարին են ներկայացրել իրենց ծրագրերը՝ զբոսաշրջության, գյուղատնտեսության, արդյունաբերական արտադրանքի կազմակերպման ոլորտներում, ինչպես նաև առկա խնդիրները, որոնք վերաբերել են ֆինանսական միջոցների ներգրավմանը, տրանսպորտային փոխադրումների կազմակերպման հարցերին, հարկային արտոնությունների տրամադրմանը և այլն:

Վարչապետն ընդգծել է, որ կառավարությունը Գյումրի քաղաքին ցուցաբերելու է մեծ ուշադրություն և ավելացրել, որ անհրաժեշտ է ներկայացնել քաղաքի զարգացման լավ գաղափարներ: «Կան բազմաթիվ գործընկերներ, որոնք Հայաստանում գումար ներդնելու ցանկություն ունեն և այդ պարագայում անգամ նրանք պատրաստ են իրենց սպասումները երկարաձգել: Բայց գաղափարը մենք պետք է ճիշտ մատուցենք նրանց: Իմ խնդրանքն է՝ Գյումրիում գտնել առողջ գաղափար, որը կկարողանանք վաճառել: Խոշոր բիզնեսմենը չի գալու Գյումրի, որպեսզի մոնիթորինգ անի, ուսումնասիրի, թե ինչի պահանջարկ կա»,- ասել է Կարեն Կարապետյանը՝ ավելացնելով, որ կամայական ծրագրի, որը կարող է Գյումրիում միջավայր, տրամադրություն փոխել, աշխատատեղ ստեղծել՝ կառավարությունն առանց երկարաձգելու հավանություն է տալու:

Վարչապետ Կարապետյանն անդրադառնալով Գյումրիի գործարարների միության նախագահի՝ բիզնես ոլորտն աշխուժացնելու նպատակով վարկային արտոնություններ տրամադրելու մասին հարցին, նշել է. «Ես աշխարհում չգիտեմ բիզնես, որն էժան փող չի ուզում: Եթե իրականում բիզնես ծրագրերի մեջ շահութաբերությունն այնպիսին է, որ բանկի տոկոսը կրիտիկական դեր կխաղա, բայց այդ ծրագրի մուլտիպլիկատիվ էֆեկտը Գյումրի քաղաքի, երկրի տնտեսության համար դրական է, մենք կգտնենք սուբսիդավորման ճանապարհը: Բայց կլինեն նաև շատ ծրագրեր, որոնց բանկի տոկոսը կրիտիկական չէ»: Վարչապետը տնտեսվարողներին առաջարկել է ծրագրերն առարկայական քննարկելու համար ամփոփել ու կոնկրետացնել դրանք և նշել, որ այդ գործում կառավարությունը պատրաստ է ցուցաբերել նաև խորհրդատվական ծառայություններ՝ Կենտրոնական բանկի, Տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության, այլ ոլորտների հարթակների հիման վրա:

Ի պատասխան Գյումրիում գործունեություն ծավալող բիզնեսներին առանձին հարկային արտոնություններ տրամադրելու մասին գործարարներից մեկի հարցադրմանը՝ վարչապետն ընդգծել է, որ անկախ բիզնեսի գործունեության վայրից կառավարությունը պատրաստ է քննարկել յուրաքանչյուր բիզնես առաջարկ և կախված դրա տրամաբանությունից ու ակնկալվող արդյունքներից՝ հետաձգել արտադրության նպատակով ներկրված ապրանքի համար ԱԱՀ վճարի ժամկետը: «Պետության խնդիրն է՝ բիզնեսմենի համար ստեղծել մաքսիմալ պայմաններ, պետությունը պետք է խթանման գործընթաց իրականացնի, բայց այն պետք է լինի ժամանակավոր, որովհետև եթե բինզեսն անտրամաբանական է, մշտապես չես կարող խթանել»,- նշել է Կարեն Կարապետյանը:

Կառավարության ղեկավարն ընդգծել է, որ մշտապես պատրաստ է օգտագործելով տարբեր հարթակներ՝ քննարկել Գյումրիի զարգացմանն ուղղված առաջարկություններ, ծրագրեր և ավելացրել, որ նմանատիպ հանդիպումները կկրեն շարունակական բնույթ: