ՀՀ բանակի 25-ամյակի կապակցությամբ ՀՀ նախագահ, զինված ուժերի գերագույն-գլխավոր հրամանատար Սերժ Սարգսյանը պարգևատրել է Ապրիլյան պատերազմի ընթացքում մասնագիտական և ծառայողական պարտքը բարձր մակարդակով կատարելու համար պարգևատրել է բուժծառայության ավագ լեյտենանտ Արա Միրաքյանին:
Արա Միրաքյանը ՀՀ նախագահի կողմից պարգևատրվեց «Մարտական ծառայության» մեդալով:
Արա Միրաքյանը ապրիլյան պատերազմի օրերին հակառակորդի ինտենսիվ կրակի տակ խիզախաբար մարտի դաշտից դուրս է բերել բազմաթիվ վիրավոր զինծառայողների և փրկել է շատերի կյանքը:
Միրաքյանը պատմում է, որ պատերազմի օրերին չի զգացել, որ աշխատել է մահի կողքին: «Աշխատանքդ կատարում վերջացնում ես, հետ ես գալիս բուժկետ, նոր միայն սկսում ես հասկանալ, թե ինչ ես արել, որտեղ ես եղել ու որտեղից ես եկել»,- լրագրողների հետ զրույցում ասաց Միրաքյանը:
Ավագ լեյտենանտը, թեև ապրիլյան պատերազմի օրերին բազմաթիվ վիրավոր զինծառայողների է հանել մարտի դաշտից և շատերի կյանքը փրկել, չի ցանկանում հիշել այդ օրերի մասին: «Չեմ ցանկանում մանրամասներ ներկայացնել այդ օրվա մասին: Երբ հիշում եմ այդ օրը, մոտս դեպրեսիա է սկսվում»,- նշեց Արա Միրաքյանը:
Հարցին' ինչպե՞ս է վերաբերվում նրա ընտանիքը իր ծառայությանը, բուժծառայության սպան մի դեպք հիշեց. «Պատերազմի թեժ պահին մայրս էր ինձ զանգել, հարցնում էր որտեղ եմ: Ես փորձեցի նրան հանգստացնել և ասացի, որ հետ եմ իջել, Մատաղիսի շրջանում եմ և առաջնագծում չեմ եղել: Բայց իրականում ես առաջին գծում էի: Նա ինձ ասաց' տղաս, հետ գնա այնտեղ, ես էլ եմ գալիս, տղաներին մենակ մի թող»: