Ռուսաստանի Դաշնություն կատարած պաշտոնական այցի ընթացքում ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը մարտի 14-ին «Պատվո շքանշանով» պարգևատրեց Ռուսաստանի ներքին գործերի նախկին նախարար Սերգեյ Ստեպաշինին: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ի թղթակիցը, շնորհակալություն հայտնելով պարգևի համար' Ստեպշինը նշեց, որ շքանշաններ շատ ունի, սակայն դա իր առաջին հայկական շքանշանն է:
«Պավել Գրաչովի օրինակով գիտեմ, որ իրեն մոռացան մեր երկրում, երբ պաշտոնից հեռացավ: Միակ տեղը, որտեղ իրեն բանակի գեներալ էր զգում, Հայաստանն էր: Սերժ Սարգսյանը հրաշալի հատկություն ունի, որ բնորոշ է բոլոր հայերին' ինքն ընկերություն է անում ընկերների հետ, այլ ոչ թե պաշտոնների հետ: Դա ինձ համար շատ կարևոր է»,- ընդգծեց Սերգեյ Ստեպաշինը:
Սերժ Սարգսյանը էլ հիշեց, որ Բաքվի դեպքերի ժամանակ Ստեպաշինը Բաքվում շրջանի կոմենդանտ է եղել, Սումգայիթի դեպքերի ժամանակ ևս եղել է տեղում, ինչից հետո այցելել է Ղարաբաղ:
«Հանդիպեցինք, երբ Հայաստանում անվտանգության մարմիններում աշխատանքի անցա, այնուհետև երկուսս էլ ներքին գործերի նախարար էինք: Բայց հարցը դրանում չէ. հարցը նրանում է, որ մեր առաջին հանդիպումից փոխադարձ համակրանք կար: Ընկերացանք, ընկերություն ենք անում մինչև հիմա»,- նկատեց ՀՀ Նախագահը: