ՀՀԿ խորհրդի նիստից հետո վերլուծաբանների ուշադրությունը սևեռված էր նախագահ Սերժ Սարգսյանի ելույթի հիմնական ուղերձներին, սակայն, թերևս, հիմնական ուղերձը, որը կարող է որոշիչ լինել գալիք ընտրություններում ՀՀԿ դերակատարման հարցում, ոչ թե նախագահի խոսքի մեջ պետք է փնտրել, այլ այն կառուցվածքային և ձևաչափային փոփոխությունների, որոնց վերջին նիստից հետո ենթարկվեց ՀՀԿ Խորհուրդը:


Ինչպես գիտենք, ՀՀԿ վերջին նիստի ընթացքում խորհուրդը համալրվել է 35 նոր անդամներով՝ կուսակցության տարբեր ստորաբաժանումներից, իսկ վարչապետ Կարեն Կարապետյանը ստանձնեց կուսակցության նախագահի առաջին տեղակալի պաշտոնը՝ փաստացի դառնալով երկրորդ մարդը ՀՀԿ-ում՝ Սերժ Սարգսյանից հետո: Սակայն ստեղծվում է տպավորություն, որ «երկրորդ մարդու» դերը Կարեն Կարապետյանի համար սահմանափակվում է միայն կուսակցությամբ: Առաջին հայացքից կարող է թվալ, որ նախագահը սկսել է իշխանության փոխանցման գործընթացը և սկսել է այն, ինչպես և տրամաբանությունն է պահանջում՝ կուսակցությունից: Սակայն ՀՀԿ խորհրդի նիստում արձանագրված մի շարք կառուցվածքային փոփոխություններ հուշում են, որ Սերժ Սարգսյանը շատ ավելի նուրբ պարտիա է փորձում խաղարկել:


Բանն այն է, որ ՀՀԿ խորհրդին կից՝ ստեղծվել է նաև, այսպես կոչված, Ավագների Խորհուրդ, որը, ինչպես և սպասվում էր, կգլխավորի Գալուստ Սահակյանը: Փաստացի՝ սա մի օղակ է, որը փորձելու է հակակշիռ դառնալ Կարեն Կարապետյանին: Վերջինս, դառնալով կուսակցության երկրորդ մարդը, միևնույն ժամանակ սահմանափակվում է իր հնարավոր գործողությունների մեջ: Իսկ Ավագների Խորհուրդը դառնում է մեկ այլ իշխանության թև: Դեռ պարզ չէ, թե ՀՀԿ խորհրդի կազմում ընդգրկված անձինք որ բևեռներն են ներկայացնում, արդյո՞ք հանդես են գալու իբրև որոշակի ներկուսակցական զսպման մեխանիզմներ թե՞ ոչ, բայց մի բան ակնհայտ է. Սերժ Սարգսյանը փորձ է կատարում խաղալ մի քանի բևեռների հակադրման վրա, ինչը բնավ չի լուծելու ՀՀԿ-ոմ սաստկացող իշխանական բացի խնդիրը, ավելին՝ կարող է դառնալ նոր հակասությունների պատճառ:


Այսօր դժվար է ՀՀԿ ղեկավարությանը մեղադրել նման գործելաոճ ընտրելու համար: Ստեղծված իրավիճակը և ռեսուրսների անբավարար լինելը ստիպում է իշխող քաղաքական ուժին՝ առաջնորդվել իշխանության տարբեր բևեռների ներքին հակասությունների վրա խաղալու գաղափարով: Այս միջոցով ՀՀԿ-ին գուցե և հաջողվի մինչև ընտրությունները իրավիճակը պահել վերահսկողության տակ: Չնայած, որ իշխող քաղաքական ուժի համար նույնպես իրավիճակ է փոխվել. ի հայտ են եկել լուրջ մրցակիցներ, որոնց դեմ հնարավոր չէ պայքարել ավանդական մեթոդներով և նույնիսկ օր-օրի նոսրացող ադմինիստրատիվ ռեսուրսները դժվար թե օգնության հասնեն: Հետևաբար, իշխանության կորուստը, կարծես թե, դառնում է անխուսափելի և դա գիտակցում են նաև ՀՀԿ-ում, թերևս դա է կուսակցությունը լքել ցանկացողների՝ հերթ կազմելու պատճառներից մեկը: Ակնհայտ է, որ ՀՀԿ-ում ստատուս քվո է փոխվում, սակայն փոխվում է՝ ի վնաս ՀՀԿ-ի, խաթարելով կուսակցության հիերարխիայի ներքին տրամաբանությունը:

 

Ստելլա ԽԱՉԱՏՐՅԱՆ