Ֆրանսիան անհանգստացած է հայ-ադրբեջանական սահմանին եւ շփման գծում լարվածության ուժեղացմամբ եւ ջանք չի խնայում, որպեսզի Հայաստանի և Ադրբեջանի նախագահներ Սարգսյանի եւ Իլհամ Ալիեւի' Փարիզում կայացած հանդիպումից եւ գործադրած ջանքերից հետո իրավիճակը չվատանա: Այս մասին հայտարարեց Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Ժան-Ֆրանսո ւա Շարպանտիեն «Արմենպրես»-ի հետ զրույցում' շեշտելով, որ հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացում մեծ ներգրավվածություն է ցուցաբերում Ֆրանսուա Օլանդը:
«Դիտորդներից շատերի պես, ես ևս անհանագստացած եմ հայ-ադրբեջանական սահմանին և շփման գծում լարվածությամբ: Ֆրանսիան ջանք չի խնայում, որպեսզի նախագահներ Սարգսյանի և Ալիևի՝ Փարիզում կայացած հանդիպումից և Մինսկի խմբի ֆրանսիացի համանախագահի վերջերս գործադրած ջանքերից հետո իրավիճակը չվատթարանա: Այս հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացում մեծ ներգրավվածություն է ցուցաբերում Ֆրանսիայի Հանրապետության Նախագահը: Մենք համոզված ենք, որ բանակցված լուծումը և մադրիդյան երեք հիմնարար սկզբունքների վրա հիմնված գլոբալ պայմանագիրը պետք է շարունակ նախատեսելի լինեն: Ստատուս քվոն անընդունելի է»,- ասաց դեսպանը: Անդրադառնալով հարցին, թե արդյոք մտահոգություն չունի, որ ԼՂ հակամարտության կարգավորման հարցում կողմերը հայտնվել են փակուղային իրավիճակում, դեսպանը նշեց, որ Մինսկի խմբի համանախագահությունը կոչված է խաղաղ լուծումներ գտնելու հակամարտող կողմերի և տարածաշրջանային այլ դերակատարների հետ հանդիպումների միջոցով:
«Միացյալ Նահանգների և Ռուսաստանի հետ մեր միջնորդության շրջանակներում շարունակում ենք աշխատել հակամարտության կարգավորման ուղղությամբ: Բայց, ինչպես վերջերս «Եվրանեսթ»-ի խորհրդարանականների հանդիպմանը նշեց Նախագահ Սարգսյանը, այս հակամարտության կարգավորման բանալին ամենից առաջ գտնվում է Երևանում և Բաքվում: Մենք միայն միջնորդներ ենք»,- ասաց դեսպանը:
Մարտի 19-ին Ադրբեջանի ԶՈՒ հատուկ նշանակության ջոկատի ուժեղացված խումբը հարձակում է ձեռնարկել հյուսիսային (Գյուլիստանի) ուղղությամբ տեղակայված դիրքերի վրա: Շուրջ երկու ժամ տեւած մարտական գործողության արդյունքում դիրքապահ անձնակազմը եւ օգնության հասած ուժերը ստիպել են հակառակորդին փախուստի մատնվել, այնուհետեւ, հետապնդելով վերջիններիս, ամբողջությամբ ոչնչացրել են խմբին' իրենց դիրքերի մատույցներում: Հակառակորդին դիմագրավելու ժամանակ հայկական կողմը ունեցել է կորուստներ: Զոհվել են ՊԲ զինծառայողներ Հակոբ Գագիկի Խաչատրյանը (1996թ.), Էդուարդ Գագիկի Հայրապետյանը (1995թ.) եւ Արշակ Կարենի Հարությունյանը (1995թ.), Պաշտպանության բանակի եւս 4 զինծառայողներ վիրավորվել են, նրանցից երկուսի վիճակը ծայրահեղ ծանր է: Հայկական կողմի տվյալներով, Ադրբեջանի կողմից դիվերսիայի ժամանակ ոչնչացվել է հակառակորդի առնվազն 12 զինծառայող: