Երեկ հայաստանյան լրատվամիջոցներով տարածվեց տեղեկատվություն այն մասին, որ Նարկոլոգիական հանրապետական կլինիկայում հիվանդները պատրաստվում են բողոքի ակցիա իրականացնել, քանի որ կլինիկայում բուժվող հիվանդներին այսուհետ սնունդ չեն տրամադրելու: 

 

Նշենք, որ տեղեկատվության տարածումը բավականին մեծ ընդգրկում ուներ և բողոքի ակցիան լուսաբանելու էին հրավիրվել մեծ թվով լրատվամիջոցներ: 

 

ԼՈւՐԵՐ.com-ը նույնպես այսօր եղավ Նարկոլոգիական հանրապետական կենտրոնում: Հավաքվել էին մեծ թվով լրագրողներ: Մեկ ժամից ավելի՝ բոլորս կլինիկայում էինք: Չկային ո՛չ բողոքի ակցիա իրականացնողներ, ո՛չ բողոքող հիվանդներ:

 

Մեզ հետ զրույցում հիվանդներից մեկը՝ տիկին Ազնիվն ասաց, որ ինքն է անձամբ զանգահարել Առողջապահության նախարարություն և հայտնել, որ իրենց այսուհետ չեն տրամադրելու սնունդ:

 

Մեր ճշտող հարցին՝ իսկ որտեղի՞ց նրան նման տեղեկատվություն, քաղաքացին պատասխանեց. «Դե լսել էի, զանգեցի թեժ գիծ և ասացի, որ մեզ էլ սնունդ չեն տալու, բայց այսօր առավոտյան սնունդը ստացել ենք, էստեղ մեզ շատ լավ են վերաբերվում»,- հավելելով, որ բողոքներ չունի:

 

Նշեմ, որ մեզ հետ զրույցում թեժ գիծ զանգահարած տիկին Ազնիվը  տալիս էր հակասական պատասխաններ. մեկ նշում էր, որ  լսել է, որ իրենց սնունդ չեն տալու, վիրավորված է, և մեկ էլ ինքն իրեն հակադարձում էր՝ շեշտելով, որ սնունդ ստացել են և խնդիրներ չկան, այսօր բժշկուհու հետ զրուցել են և եկել ընդհանուր հայտարարի:

 

Հարցին՝ ի՞նչ ընդհանուր հայտարարի մասին է խոսքը, տիկինը նշեց. «Դե, որ սնունդ ենք ստանալու, էլի»:

 

Տպավորությունն այնպիսին էր, որ կինը տալիս էր նախապես ուղղորդված պաստասխաններ՝ պաշտպանելով կլինիկայի տնօրինությանն ու բուժանձնակազմին:

 

 

Աղավնի Սուքիասյան