Երեկ տարածվեց տեղեկատվություն այն մասին, որ փետրվարի 1-ին Նարկոլոգիական հանրապետական կենտրոնում տեղի կունենա բողոքի ակցիա, որի մասնակիցներն են լինելու տվյալ հիվանդանոցի հիվանդներն ու նրանց ընտանիքներն, ովքեր բողոքում են պետության կողմից հիվանդներին սննդի տրամադրման դադարեցման պատճառով՝ նշելով, որ իրենցից շատերը մարզերից են և անապահով խավից:

 

ԼՈւՐԵՐ.com-ն այսօր եղավ Նարկոլոգիական հանրապետական կենտրոնում: Կենտրոնում չկային բողոքի ակցիայի մասնակիցներ, ամեն ինչ լուռ էր և կլինիկան աշխատում էր իր բնականոն հունով:

 

Մեզ հետ զրույցում կենտրոնի տնօրեն Պետրոս Սեմերջյանը նշեց, որ իրենք բողոքի ակցիայի մասին իմացել են այսօր՝ լրատվամիջոցներից: «Հիվանդներից մեկն ասաց, որ երեկ ինքն է զանգահարել առողջապահության նախարարության թեժ գիծ և հայտնել, որ իրենք սնունդ այսօրվանից չեն ստանալու, ինչն իրականության հետ կապ չունի: Այսօր առավոտյան նրանք սովորականի պես սնունդ են ստացել»:

 

Կենտրոնի տնօրենի փոխանցմամբ՝ հավանաբար, կենտրոնից նման տեղեկատվության արտահոսք է եղել՝ կապված այն հանգամանքի հետ, որ իրենք չեն կարողացել մասնակցել հայտարարված տենդերին՝ տեխնիկական խնդիրներով պայմանավորված, սակայն դա որևէ կերպ չի ազդել հիվանդների սննդի տրամադրման վրա:

 

Մենք զրուցեցինք նաև կենտրոնի 2-րդ բաժանմունքի վարիչ Ռիտա Ճաղարյանի հետ, ով նույնպես վստահեցրեց, որ  իրենք հիվանդներին սնունդ տրամադրելու հարցում աշխատում են նախկինի պես և որևէ խնդիր, այս առումով, չունեն: 

 

 

 

 

 

Նարեկ Ավանեսյան

Աղավնի Սուքիասյան