«Մատենադարան» Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտ» հիմնադրամի  հոգաբարձուների խորհուրդը հայտարարել է բաց մրցույթ՝ հիմնադրամի տնօրենի թափուր պաշտոնը զբաղեցնելու համար։ Իսկ թե ով կստանձնի «Մատենադարան»-ի տնօրենի պարտականությունները, դժվար է ասել։ 

Այս առիթով ԼՈւՐԵՐ․com-ի թղթակիցը զրուցել է «Մատենադարան»-ի տնօրենի պաշտոնակատար, արևելագետ, պատմական գիտությունների թեկնածու Վահան Տեր-Ղևոնդյանի հետ: 

 

- Պարոն Տեր-Ղևոնդյան, խնդրում եմ հակիրճ ներկայացնել Մատենադարանի կառավարման ձևը: Ի՞նչ դեր ունի հոգաբարձուների խորհուրդը և ի՞նչ դեր ունի տնօրենը, ի՞նչ լիազորություններ ունեն հոգաբարձուների խորհուրդը և Մատենադարանի տնօրենը միմյանց նկատմամբ:

-«Մատենադարան» Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտ» հիմնադրամի  հոգաբարձուների խորհրդի և Մատենադարանի լիազորություններն ու իրավասությունները սահմանվում և կարգավորվում են Մատենադարանի կանոնադրությամբ։

- Տեղյա՞կ եք արդյոք, կա՞ն արդեն դիմումատուներ, կամ, եթե պաշտոնական տեղեկության չեք էլ տիրապետում, գիտե՞ք այնպիսի մարդկանց, ովքեր այդ պաշտոնի հանդեպ հետաքրքրություն են ցուցաբերել: Ի՞նչ եք կարծում, ինչպիսի՞ մրցակցություն կլինի, գոյություն ունի՞ ակտիվ շահագրգռվածություն:

-Մատենադարանի տնօրենի թափուր պաշտոնի համար հայտարարաված մրցույթի վերջնաժամկետը փետրվարի 23-ն է։ Դիմումներն ու հայտերն ընդունում է Մատենադարանի հոգաբարձուների խորհուրդը։ Սակայն այս պահին առաջադրված թեկնածուներ չկան։ Ինչպես նշեցի այս պահին առաջադրված թեկնածուներ չկան, հետևաբար չեմ կարող ասել՝ ինչպիսի մրցակցություն կլինի։

- Կա՞ մարդ, ում ինքներդ կուզենայիք այդ պաշտոնում տեսնել:

- Թեկնածուների առաջադրումից հետո հոգաբարձուների խորհուրդը, կանոնադրության համաձայն, կընտրի արժանավորին։

- Խոսեք, խնդրում եմ, նաև Ձեր մասնակցության մասին, դիմե՞լ եք արդեն տնօրենի թափուր հաստիքը զբաղեցնելու համար:

- Այո՛, ես ևս առաջադրելու եմ իմ թեկնածությունը։

- Ի՞նչ մեթոդներով եք պատրաստվում ոլորտով հետաքրքրված մարդկանց համոզել, որ Դուք եք այն թեկնածուն, ով արժանի է և պետք է զբաղեցնի այդ պաշտոնը:

- Մատենադարանի տնօրենի թափուր պաշտոնի համար հայտ ներկայացնելու պարագայում պետք է Հոգաբարձուների խորհրդին ներկայացնել Մատենադարանի զարգացման հնգամյա ծրագիր։

Պարոն Վահան Տեր-Ղևոնդյան, ի՞նչ խնդիրներ եք տեսնում Մատենադարանում և ո՞րը կլինի այն խնդիրը, որն առաջինը կբարձրացնեք:

 

- Մատենադարանի բոլոր խնդիրներն էլ կարևոր են նրա հետագա գործունեության համար։ Բոլոր ուղղություններով իմ տեսլականը ներկայացված կլինի Մատենադարանի զագացման հնգամյա ծրագրում։

Նշենք, որ օրերս՝ հունվարի 19-ին կայացավ Մատենադարանի հոգաբարձուների խորհրդի նախագահի ընտրությունը։ Խորհրդի անդամների քվեարկության արդյունքում միաձայն ընտրվեց Նախագահի եղբայրը՝ «Փյունիկ» մարդկային ռեսուրսների զարգացման համահայկական հիմնադրամի խորհրդի նախագահ, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ԵՊՀ Աստվածաբանության ֆակուլտետի Հայ եկեղեցու պատմության և եկեղեցաբանության ամբիոնի վարիչ Լևոն Սարգսյանը:

Հարցազրույցը՝ Սոնա Հարությունյանի