Հունվարի 27-ի առավոտյան Արմավիր քաղաքի ծննդատնից Երևանի Մուրացան ԲԿ կենտրոն տեղափոխված նորածինը մահացել է: Ի՞նչ խնդիրներ են ի հայտ եկել նորածնի մոտ և ինչո՞ւ են Մուրացան հիվանդանոցից նորածնի դին հարազատներին հանձնել արկղով, ԼՈւՐԵՐ.com-ը փորձեց պարզել:
Մեզ հետ զրույցում Մուրացան ԲԿ տնօրեն Բագրատ Բավեյանն, անդրադառնալով նորածնի մահվան պատճառներին, նշեց. «Մուրացան ԲԿ տեղափոխված նորածնի մոտ ախտորոշվել է ծանր ներարգանդային թոքաբորբ, բազմաօրգանային անբավարարություն, այդ թվում՝ թոքային և երիկամային, որի հետևանքով երեխային տրվել է արհեսական շնչառություն, եղել է նաև պոլիօրգանային անբավարարություն, և այս խնդիրների հետևանքով էլ նորածինը մահացել է»:
Դիտարկանը, թե ինչո՞ւ են հիվանդանոցից մահացած նորածնի դին ծնողներին հանձնել արկղով, տնօրենն ասաց. «Բա ինչո՞վ պետք է հանձնվեր: Միշտ էլ ադպես է եղել, միշտ էլ արկղով ենք հանձնել, եթե նորածնի դին հանձնեինք դագաղով, դա ավելի սարսափելի կլիներ: Բացի այդ, նորածնի հարազատները հրաժարվել են երեխային հերձելուց: Եթե մահացած նորածնի դին ուղարկեինք հերձման, ապա կկատարվեր համապատասխան գործողությունը և անատոմիայից կհանձնեին ծնողներին այլ ձևով: Իսկ եթե ծնողները հրաժարվում են հերձման պրոցեսից, ապա դին հանձնելու այլ տարբերակ չկա»:
Հիշեցնենք, որ մահացած նորածնի ծնողները Արմավիրի մարզի Նալբանդյան գյուղից են և իրենց առաջնեկի մահվան համար մեղադրում են Արմավիրի ծննդատան բժիշկ Նշան Գևորգյանին, ով ընդունել է երեխայի ծնունդը:
Աղավնի Սուքիասյան