Տելեգրամյան SisMasis էջը տեղեկություն է տարածել այն մասին, որ «Վիվառո»-ում աշխատող երևանցի բաժանորդը ահազանգել է իրենց ալիքին, թե այնտեղ աշխատում է 50 թուրք, և որ մաքրուհիները հրաժարվում են մաքրել նրանց հետևից. «Նրանց առաջ պայման է դրվել՝ կա՛մ լուռ աշխատում են, կա՛մ, հոդվածի համաձայն, նրանց աշխատանքից հեռացնում են ու դրանից հետո ընդհանրապես աշխատանք չեն կարողանում գտնել»,- գրել էր տելեգրամյան ալիքը:
Ալիքում խոսվում էր նաև այն մասին, որ «Վիվառո»–ի գլխամասային գրասենյակը գտնվում է Լոնդոնում, և այնտեղից են նշանակվում ղեկավար օղակի աշխատակիցները: Այսինքն՝ այդ 50 թուրքը նշանակվել է Լոնդոնի գլխամասից:
Այս տեղեկությունը սակայն «Վիվառո»-ի հանրային կապերի պատասխանատու Անդրանիկ Սևոյանը հերյուրանք որակեց։
ԼՈՒՐԵՐ.com-ի հետ զրույցում նա ասաց․ «Մենք ունենք տարբեր ազգերի ներկայացուցիչներ, բայց այս պահին թուրք և ադրբեջանցի աշխատակիցներ չունենք»։ Նկատենք, որ Անդրանիկ Սևոյանը մեզ հետ զրույցում չբացառեց, որ հետագայում նրանց հետ համագործակցություն կարող է լինել։
«Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտը շատ բազմազան է և ինչ-որ բան հաստատելը կամ բացառելը սխալ է: Մենք նախապատվություն ենք տալիս ավելի շատ մասնագիտական կարողություններին, քան ազգությանը»,- ընդգծեց Անդրանիկ Սևոյանը:
Զվարթ Պետրոսյան