NEWS.am-ին նոր մանրամասներ են հայտնի դարձել Գառնիում օրեր առաջ տեղի ունեցած դանակահարության դեպքի վերաբերյալ, երբ ազգականը դանակահարել էր ազգականին եւ վերջինս մահացել էր:

Գառնիում շրջանառվող խոսակցությունների համաձայն' ազգական երիտասարդների միջեւ վիճաբանությունը ծագել է կենցաղային հարցի շուրջ, ինչ-որ «գումարային» խնդիր է եղել: Դեպքի օրը մահացողը' Արտուշ Գեւորգյանը, եւ նրան դանակահարելու համար ձերբակալված' 21-ամյա Արմեն Շ-ն, մասնակցել են իրենց բարեկամի հարսանիքին: Դրանից հետո Արմեն Շ-ն, նրա հայրը' 48-ամյա Աբրահամ Շահբազյանը եւ «Նիվա» մեքենայով մեկը գնացել են Արտուշ Գեւորգյանի տուն, նրան հանել զրույցի, սակայն հետո տարել են տնից հեռու մի վայր: Գառնիում ասում են նաեւ, որ դանակահարելուց հետո երիտասարդին թողել են այդպես անօգնական, մինչ նրան հայտնաբերել են արյունաքամ եղած, իսկ հիվանդանոցում մահացել է:

Արտուշ Գեւորգյանի հայրը Ռուսաստանում է, այնտեղ աշխատում է, դեպքից հետո վերադարձել է Հայաստան: Մահացողը ունի կրտսեր եղբայր, ով ծառայում է զինված ուժերում, եղբայրներից ոչ ոք ամուսնացած չէ:

Հիշեցնենք, որ փետրվարի 24-ին ժամը 02.20-ին «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բ/կ-ից Ոստիկանության Կոտայքի բաժնում հաղորդում է ստացվել, որ մարմնական վնասվածքներով Գառնի գյուղից իրենց մոտ է տեղափոխվել 28-ամյա Արտուշ Գեւորգյանը, ով գիտակցության չգալով հիվանդանոցում մահացել է::Ոստիկանության փոխանցմամբ' Ջրվեժ գյուղից բերման է ենթարկվել 21-ամյա Արման Շ.-ն, որը խոստովանել է, որ փետրվարի 23-ին, ժամը 23.00-ից 24.00-ն ընկած ժամանակահատվածում,Գառնի գյուղում, կենցաղային հարցերի շուրջ ծագած վիճաբանության ժամանակ, Արտուշ Գեւորգյանին դանակով հարվածել է ինքը: Արման Շ.-ն ձերբակալված է: Նախաքննությունը շարունակվում է: