Հայաստանյան շուկայում նկատվում է բենզինի գնի սահուն վերելք։ Վերջին երկու օրվա ընթացքում բենզինի գինը աճել է 20-30 դրամով: Այս մասին ԼՈւՐԵՐ.com-ի թղթակցի հետ զրույցում ասաց Տնտեսական մրցակցության պետական պաշտպանության հանձնաժողովի քարտուղար Գայանե Սահակյանը:

 

Դեռևս հոկտեմբեր ամսին հանձնաժողովը գրանցել էր բենզինի գնի աստիճանաբար նվազում՝ 380 դրամից այն դարձել էր 330 դրամ, որը տևեց մինչև հունվարի 29-30-ը: Արդեն օրեր առաջ՝ նկատվեց բենզինի գնի բարձրացում՝ սկզբում 10, հետո 20, այնուհետև՝ 30 դրամով:

 

«Այսօր արդեն բենզինի գինը 360 դրամ է, որը արձանագրվեց 2 օր առաջ: Հանձնաժողովը ուսումնասիրություններ սկսեց՝ գնի բարձրացման հիմնավորումներն ու պատճառները պարզելու ուղղությամբ: Հանձնաժողովն իր ուսումնասիրություններն իրականացնում է փաստաթղթային ուսումնասիրության հիման վրա, մինչև տնտեսվարողներից և համապատասխան պատկան մարմիններից փաստաթղթեր չստանանք՝ չենք կարող որևէ գնահատական տալ իրավիճակին: Ստանալուց հետո հանձնաժողովը կհրապարակի իր տեսակետը, թե ինչով է պայմանավորված բենզինի գնի բարձրացումը»,- ասաց ՏՄՊՊՀ քարտուղար Գայանե Սահակյանը:

 

Հարցին՝ թե երբ պատրաստ կլինեն ուսումնասիրության արդյունքերը, ՏՄՊՊՀ քարտուղարը նշեց, որ դրանց արդյունքները կախված չեն միայն հանձնաժողովից, այլև տնտեսվարողներից և այն պատկան մարմիններից, ովքեր պետք է տեղեկատվություն տրամադրեն իրենց. «Դա երկար գործընթաց է, քանի որ ամսական կտրվածքով՝ տնտեսվարողները ներկայացնում են օրական ձեռքբերման  և իրացման փաստաթղթերը, որպեսզի հասկանանք շուկայում կատարվող զարգացումները»,- խոսքը եզրափակեց Գայանե Սահակյանը:

 

Սոնա Հարությունյան