Շուկայում կրկին արձանագրվել է բենզինի գնի թանկացում, որոշ բենզալցակայաններում այս լայն սպառման ապրանքը թանկացել է 10, որոշներում էլ՝ մինչև 20 դրամով: Այս պահին մանրածախ շուկայում մեկ լիտր ռեգուլյար տեսակի բենզինը 380 դրամի փոխարեն վաճառվում է 400, կամ հազվադեպ՝ նաև 390 դրամով:
ԼՈւՐԵՐ.com-ը Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաձողովից փորձեց ճշտել՝ արձանագրել են արդյոք բենզինի շուկայում գնաճ, ինչո՞վ է դա պայմանավորված և ի՞նչ քայլերի է դիմելու հանձնաժողովը: Մեզ ՏՄՊՊՀ լրատվական ծառայությունից հայտնեցին, որ հանձնաժողովը վերջին 10 օրերի ընթացքում արձանագրել է բենզինի գնի թանկացում. «ՏՄՊՊՀ-ն շուկայում արձանագրել է բենզինի բոլոր տեսակների գնաճ: Մենք ներկրողներից պահանջել ենք յոթօրյա ժամկետում հանձնաժողով ներկայացնել փաստաթղթեր: Ներկայացված փաստաթղթերը կհամեմատենք միջազգային շուկայում գործող գների հետ: Ներկրող ընկերություններից պահանջել ենք նաև հանձնաժողով ներկայացնել բենզինի ձեռքբերման գները: Այս բոլոր փաստերը կհամեմատենք և կուսումնասիրենք, որից հետո ՏՄՊՊՀ-ն կտա համապատասխան եզրակացություն: Պետք է հավելեմ, որ այս պահին ընթանում են աշխատանքներ և վերջնական արդյուքը պարզ կլինի 7 օր անց»:
Ստացվում է՝ բենզինի թանկացման պատճառը հասկանալու համար քաղաքացիները պետք է ևս մեկ շաբաթ այն ձեռք բերեն՝ վճարելով ավելի շատ գումար, քան նախկինում, մինչդեռ եթե ՏՄՊՊՀ-ն այս թանկացմանն արձագանքեր առավել օպերատիվ, պետք չէր լինի սպասել ևս 7 օր կամ գուցե ավելի շատ՝ թանկացման հիմնավորումները հասկանալու համար:
Աղավնի Սուքիասյան