Հայաստանում բենզինը կրկին թանկացել է։ ԼՈՒՐԵՐ.com-ն արձանագրել է, որ այսօր լցակայաններում պրեմիում տեսակի բենզինը նախկին 410 դրամովի փոխարեն վաճառվում է 450 դրամով, իսկ ռեգուլյարը՝ նախկին 390-ից դարձել է 430 դրամ։ Դիզելային վառելիքի գինը 410 դրամ է։
Վերջին մեկ ամսում բենզինը մի քանի անգամ գնաճ է գրանցել։
Նշենք, որ, ըստ մամուլի հրապարակումների, 2021 թվականի մարտին, 2020 թվականի մարտի համեմատ, հանրապետությունում բենզինի գնաճը կազմել է 4.9%, իսկ դիզելային վառելիքի գները նվազել են 4.9%-ով: 2021թվականի մարտին, 2020 թվականի դեկտեմբերի համեմատ, ըստ ՎԿ-ի, արձանագրվել է բենզինի եւ դիզելային վառելիքի համապատասխանաբար 14.0% եւ 18.1% գնաճ: 2021 թվականի մարտին, փետրվարի համեմատ, բենզինը թանկացել է 8.2% -ով, իսկ դիզելային վառելիքի գներն աճել են 11.2%-ով։
Ավելի վաղ, Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովն, անդրադառնալով դեռևս մեկ ամիս առաջ բենզինի գնի բարձրացմանը, կանխատեսել էր, որ մոտ ապագայում վառելիքի գները կարող են նորից բարձրանալ, քանի որ որոշ տնտեսվարող սուբյեկտների կողմից 2021-ին ձեռքբերված խմբաքանակները դեռևս չեն իրացվում և առկա մնացորդների ավարտից հետո առավել թանկ գնով ձեռքբերված խմբաքանակների իրացումը կարող է հանգեցնել իրացման գների լրացուցիչ բարձրացման։
Նկատենք՝ վերջին ժամանակահատվածում ոչ միայն բենզինի վաճառքի գինն է բարձրացել, այլև մի շարք մթերքների, մասնավորապես՝ կարագի, ալյուրի, ձեթի, շաքարավազի և այլն: Զատկի տոնին անախադեպ գնաճ կար նաև ձվի շուկայում։
Սոնա Հարությունյան