Այսօր' փետրվարի 15-ին, ԲՀԿ կենտրոնական գրասենյակում տեղի ունեցավ ԲՀԿ հերթական՝ 7-րդ համագումարը, որից հետո ԱԺ ԲՀԿ-ական պատգամավորներ Վարդան Օսկանյանը և Նաիրա Զոհրաբյանը պատասխանեցին լրագրողների հարցերին:

 

«Մենք չենք կարող Ռուսաստանի հետ բարձր մակարդակի հետ հարաբերություններ չունենալ, բայց պետք չէ Ռուսաստանի հետ հարաբերությունները համեմատել ՄՄ-ի հետ: Ես կարծում եմ՝ դա մեզ ճիշտ ճանապարհին չի դնելու»,- Մաքսային Միությանը վերաբերող հարցին այսպես պատասխանեց Վարդան Օսկանյանը:

 

Ինչ վերաբերում է կուտակային կենսաթոշակային պարտադիր համակարգին, Նաիրա Զոհրաբյանն ասաց.

 

«ԲՀԿ-ն իր հստակ որոշումն ունի կուտակային պարտադիր բաղադրիչի մասին, ասել ենք և պնդում ենք, որ այն ուղղակի անթույլատրելի է: Այն բերելու է և շարրունակելու է բերել սոցիալական լարվածության: Նման ռեֆորմի կարող է գնալ այն կառավարությունը, որն ունի կանխատեսելիության բարձր տոկոս, այս կառավարությունը բարոյական իրավունք չուներ գնալու այդ ռեֆորմին»:

 

Վերջինս տեղեկացրեց նաև, որ տեխնիկական և մարտավարական խնդիրներ են քննարկվում չորս խորհրդարանական քաղաքական կուսակցությունների միջև՝ կառավարության անվստահության հայտելու մասին, բայց առայժմ չմանրամասնեց, թե ինչ մեխանիզմ են գործի դնելու:

 

Լրագրողներից մեկը հարցրեց նաև, թե ո՞ր ճամբարում որոշվեց մնալ, նորից այլընտրանք, թե դիրքորոշում է փոխվել:

 

«ԲՀԿ-ն այդ կատեգորիանորով չի դատում քաղաքական ներկապնակի գույները: Ես կարծում եմ, որ ԲՀԿ-ն իր գործունեությամբ արդեն թելադրում է՝ ինքն ինչպիսի դիրքորոշում է որդեգրում, այսօր մեր կուսակցության խնդիրը դա է' լինել այլընտրանքային լուծումներ առաջարկող: Իսկապես, այսօր Ծառուկյանի ելույթը կառուցողական էր, և ԲՀԿ-ն նոր փուլ է թևակոխում, որը պայմանավորված է երկրում ստեղծված իրավիճակով: Ես համոզված եմ, որ մեր համատեղ գործունեությունը ժողովրդի հետ միասին իր դրական դերն է խաղալու»,- ասաց Օսկանյանը:

 

Ինչո՞ւ չեք պահանջում Սերժ Սարգսյանի հրաժարականը հարցին, Վարդան Օսկանյանը պատասխանեց, որ ժողովրդի բարձրացրած խնդիրների լուծման հիմնական մասը կառավարության աշխատանքների շրջանակում է, այդ իսկ պատճառով ԲՀԿ-ն մատնանշում է կառավարության թերի աշխատանքը:

 

«Այսօր մեր օրակարգում կառավարության հրաժարականի խնդիրն է, այն խնդիրները, որոնք ենթադրում են լուծումներ, կառավարության լուծելու խնդիրներ են»,- ասաց Օսկանյանը, իսկ Նաիրա Զոհրաբյանը հավելեց, որ չկա որևէ հարց, որ չքննարկվի քաղաքական չորս ուժերի կողմից: