«Սարդարապատ» շարժման անդամ, Շուշիի առանձնակի գումարտակի հրամանատար Ժիրայր Սեֆիլյանը Հայաստանի ներքաղաքական կյանքում ստեղծված իրավիճակից դուրս գալու համար, անհրաժեշտ է համարում լուծել կարևորագույն հինգ խնդիր: Այդ խնդիրները նա ներկայացրեց այսօր լրագրողների հետ հանդիպմանը:

«1-ին՝ հստակ ձևակերպել մեր պատկերացրած երկրի տեսլականը ու դրան հասնելու ծրագիրը մշակել: 2-րդ՝ մեկտեղել, հնարավորինս համախմբել հայության մտավոր, գաղափարական մարդկանց ներուժը՝ լինի Հայաստանում, թե արտերկրում: 3-րդ՝ քաղաքական սերնդափոխություն, բայց նկատի չունեմ տարիքային մասը, այլ որակական մասը: 4-րդ՝ վերջապես, կարողանանք ձևավորել կոլեգիալ որոշումներով առաջնորդվելու սկզբունքը և 5-րդ՝ գտնել այն մեխանիզմը, որը պետք է կանխարգելի այն երկվությունը, ըստ որի հեղափոխությունը իրականացնում են ռոմանտիկները»,- ասաց նա:

Ժիրայր Սեֆիլյանն ընդգծեց, որ այս խնդիրների լուծումը իրենք՝ «Սարդարապատ» շարժումն ու Նախախորհրդարանը տեսնում են ոչ ուշ ապագայում: Ըստ նրա՝ դա ընդամենը ամիսների խնդիր է:

«Բովանդակային առումով սա դառնալու է Հայաստանի վերածննդի իմաստը»,-ասաց նա:

Tert.am-ի հարցին, թե արդյոք Ժիրայր Սեֆիլյանը համամի՞տ է ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանի այն կարծիքի հետ, ըստ որի, «Ժառանգություն» կուսակցության ղեկավար Րաֆֆի Հովհաննիսյանը իր կազմակերպած հանրահավաքների ընթացքում պետք է աստիճանաբար ներկայացնի իր Կառավարության կազմը, նա պատասխանեց.

«Նիկոլ Փաշինյանի առաջարկը մի փոքր մակերեսային է, իսկ մերը՝ շատ ավելի խորքային է, մեր կարծիքով առաջին քայլը կառավարությունը ներկայացնելը չէ: Մենք պետք է ստեղծենք նոր դատական համակարգ, որը պետք է ներկայումս գործող դատարաններին զուգահեռ քննի դատական գործեր և այլն»,- ասաց նա:

Փետրվարի 18-ին ՀՀ-ում կայացած նախագահի ընտրությունները Ժիրայր Սեֆիլյանը որակեց այնպիսի չընտրություններ, ինչպիսիք ըստ նրա տեղի են ունեցել ՀՀ-ում մինչ օրս: Նա նշեց, որ հավատում է Րաֆֆի Հովհաննիսյանի անկեղծությանը և նշեց, որ մինչ օրս նա հայ ժողովրդի այլընտրանքն է:

«Մեր նպատակը մեկն է՝ նոր որակի պետության ստեղծում, ռադիկալ փոփոխություններով հասնելու մեր երազած Հայաստանին: Համոզված եմ, որ պայքարի այս ձևով մենք կխուսափենք նոր մարտի 1-ից ու կունենանք արդյունք»,-ասաց նա: