Հայաստանի զարգացման գործում տարբեր ոլորտներում սփյուռքի ներուժի առավել արդյունավետ ներգրավման նպատակով անհրաժեշտ է ակտիվացնել ՀՀ նախարարությունների և գերատեսչությունների համատեղ գործունեությունը:
Այդ մասին կառավարության նիստում նշեց ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը: Այդ նպատակով վարչապետը Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանին հանձնարարեց գործադիր բոլոր մարմինների ղեկավարների հետ համատեղ մեկամսյա ժամկետում մշակել ծրագիր՝ սփյուռքի հայտնի մասնագետների, կառավարիչների և նրանց կազմակերպությունների հետ երկկողմանի համագործակցությունը խորացնելու վերաբերյալ: «Հանձնարարականը շատ կարճ է ձևակերպված, բայց հնարավորությունները շատ են: Կարծում եմ՝ բոլորը պատկերացնում են, թե առողջապահության, բիզնեսի, մշակույթի և այլ ոլորտներում ինչ հնարավորություններ կան»,-ասաց վարչապետը:
Միաժամանակ, կառավարության ղեկավարը ՀՀ կրթության և գիտության և սփյուռքի նախարարներին հանձնարարեց երկամսյա ժամկետում մշակել համատեղ ծրագիր՝ սփյուռքի կրթական խնդիրների լուծման աջակցության, սփյուռքի կրթօջախների համար մասնագետների պատրաստման, երիտասարդության շրջանում մայրենի լեզվի ուսուցման մակարդակի բարձրացման, սփյուռքի կրթօջախների համար ուսուցիչների պատրաստման և վերապատրաստման կազմակերպման, սփյուռքի կրթօջախների համար նոր, այդ թվում էլեկտրոնային, դասագրքերի, ուսումնական ծրագրերի մշակման, ինչպես նաև միջոցն եր սփյուռքի գիտնականների և նրանց կազմակերպությունների և Հայաստանի բուհական և գիտական հաստատությունների միջև երկկողմանի համագործակցությունը խորացնելու և համակարգելու համար:
Կարեն Կարապետյանը ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների ու սփյուռքի նախարարներին հանձնարարեց մեկշաբաթյա ժամկետում ՀՀ սփյուռքի նախարարության միջոցով հայազգի գործարարներին փոխանցել առկա ներդրումային ծրագրերը, ինչպես նաև տեղեկացնել սփյուռքի գործարարներին ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության բոլոր հարթակների մասին և պահպանել այդ կապը մշտապես:
ՀՀ մշակույթի, սպորտի և երիտասարդության հարցերի և սփյուռքի նախարարներին էլ հանձնարարվեց երկամսյա ժամկետում մշակել համատեղ մշակութային, երիտասարդական և մարզական ծրագրեր՝ սփյուռքում հայապահպանությանն օժանդակելու, հայկական մշակույթի տարածման և հայկական արժեքների քարոզման միջոցով Հայաստանն առավել ճանաչելի դարձնելու համար: