«Հայկական Վերածնունդ» կուսակցությունից Ռոբերտ Չազանցյանը լքում է «Հայկական Վերածնունդ» կուսակցությունը՝ թողնելով նաև Կենտրոն վարչական շրջանի ՀՎԿ տարածքային կառույցի նախագահի պաշտոնը:
Այս մասին այսօր ԼՈւՐԵՐ.com-ի հետ զրույցում ասաց Չազանցյանը՝ նշելով, որ իր այդ որոշումը կապված է ՀՎԿ-ում առկա ներքին խմորումների հետ. «Ես 12 օր է՝ ինչ թողել եմ Կենտրոն տարածքի ղեկավարությունը, հունվարի 24-ին էլ դիմում եմ ներկայացրել ՀՎԿ-ից դուրս գալու վերաբերյալ»:
Խոսելով իր այս որոշման պատճառների մասին՝ Ռոբերտ Չազանցյանը նշեց, որ իր խնդիրները կապված են եղել ՀՎԿ-ի քաղաքական թիմի հետ:
Ըստ մեր զրուցակցի՝ իր և արդեն նախկին թիմակիցների միջև եղել են տարաձայնություններ, որոնք էլ հանգեցրել են իր այս որոշմանը. «Կուսակցության գաղափարախոսության հետ կապված որևէ խնդիր չի եղել, առկա էին որոշակի տարաձայնություններ»,-նշեց մեր զրուցակիցը:
Հիշեցնենք, որ այսօր ՀՎԿ-ն լքելու մասին հայտարարություն էր տարածել նաև ՀՎԿ Երիտասարդական միության հիմնադիր նախագահը: