Ադրբեջանում Ռուսաստանի դեսպանատան աշխատակիցները հանդիպել են Բելառուսից Ադրբեջան արտահանձնված բլոգեր Ալեքսանդր Լապշինի հետ: Այս մասին տեղեկացնում է ադրբեջանական ԱՊԱ գործակալությունը:
«Նրան փաստաբան են հատկացվել: Հեռախոսով զանգահարելու հնարավորություն է տրվել, իրեն նորմալ է զգում»,- ասել է ՌԴ դեսպանության լրատվության պատասխանատու Դենիս Ապաշկինը:
Բելառուսի Գերագույն դատարանը փետրվարի 7-ին մերժել է Ռուսաստանի և Իսրայելի քաղաքացի, բլոգեր Ալեքսանդր Լապշինի բողոքը՝ կապված Բելառուսի Գլխավոր դատախազության որոշման հետ, որով Լապշինը պետք է արտահանձնվի Ադրբեջան: Լապշինը նույն օրը հատուկ չվերթով տեղափոխվել է Մինսկից Բաքու ' պետական անվտանգության ծառայության աշխատակիցների ուղեկցությամբ:
Ադրբեջանում ՌԴ և Իսրայելի քաղաքացի բլոգերին սպառնում է քրեական հետապնդում 281.2 (երկրի դեմ ուղղված հրապարակային կոչեր) և 318 (Ադրբեջանի Հանրապետության պետական սահմանի անօրինական հատում) հոդվածներով: Երկու հոդվածներով Լապշինին սպառնում է մինչև 5 տարվա ազատազրկում: