Այսօր ԲՀԿ 9-րդ համագումարի ժամանակ ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը ելույթով հանդես եկավ՝ իր շնորհակալությունն ու երախտիքը հայտնելով կուսակիցներին և համագումարի մասնակիցներին:
Դիմելով ԲՀԿ առաջնորդին՝ Նաիրա Զոհրաբյանը նշեց. «Պարոն Ծառուկյան, ինձ համար մեծ պատասխանատվություն էր Ձեզանից հետո ստանձնել կուսակցության ղեկավարի պաշտոնը: Այս ընթացքում ունեցել ենք կորուստներ և ձեռքբերումներ և մեր նվիրյալ կուսակիցների շնորհիվ կարողացանք պահել կուսակցությունը, սակայն ամենուր մեր այցելությունների ժամանակ ակնհայտ էր, որ հանրության ընկալման մեջ ԲՀԿ առաջնորդը համարվում է Գագիկ Ծառուկյանը»:
Նաիրա Զոհրաբյանը վստահեցրեց, որ հանրությանն այսուհետ տրվում է հնարավորություն՝ ընտրել անարդարի և օրինականության միջև և վստահ է, որ ճիշտ ընտրությունը դառնալու է մեր խոնարհումը՝ ապրիլին զոհված մեր տղաների առաջ:
Պատգամավորն իր վստահությունը հայտնեց ԲՀԿ կուսակցության ղեկավարի պաշտոնում Գագիկ Ծառուկյանին ընտրելու կապակցությամբ՝ հավատալով ապրիլին կայանալիք խորհրդարանական ընտրություններում իրենց հաղթանակին:
Համագումարից հետո լրագրողների հետ զրույցում Նաիրա Զոհրաբյանը մանրամասներ չհայտնեց ընտրություններին իր մասնկացության ձևաչափի մասին՝ նշելով, որ այս պահին բանակցություններ են ընթանում. «ԲՀԿ-ն դեռ բանակցում է, ինձանից որևէ անուն չեք լսի, քանի քանի դեռ բանակցությունները չեն ավարտվել»:
Հարցին՝ եթե Գագիկ Ծառուկյանը չվերադառնար քաղաքականություն, ինքը կշարունակե՞ր մնալ կուսակցության ղեկավար, Նաիրա Զոհրաբյանը պատասխանեց. «Եթե Գագիկ Ծառուկյանը չվերադառնար քաղաքականություն, ես հրաժարական էի տալու կուսակցության ղեկավարի պաշտոնից: Դա լինելու էր իմ անձնական որոշումը»: