ԲՀԿ 9-րդ համագումարի ընթացքում կուսակցության ղեկը ստանձնած Գագիկ Ծառուկյանն իր ելույթում անդրադարձավ նաև մեր երկրի առջև ծառացած մի շարք կարևորագույն հիմնահարցերին և խնդիրներին, որոնց լուծումը կարող է լուրջ խթան հանդիսանալ մեր երկրի զարգացման համար: Գագիկ Ծառուկյանի ելույթը զերծ էր քաղաքական գործիչներին այդքան բնորոշ նախընտրական պոպուլիզմից: Խնդիրները դրվեցին հստակ և հստակ առաջարկություններ հնչեցին՝ կապված վերջիններիս լուծման հետ:
ԲՀԿ ղեկավարի ելույթի ամենակարևոր դրույթներից մեկը կարելի է համարել փոքր և միջին բիզնեսին հարկային արտոնություններ տալը: Ինչ խոսք, այս հարցը հուզում է ՀՀ-ում գործող տնտեսվարողների մեծ մասին, և տարիներ շարունակ իր լուծումը չի գտնում: Կառավարության հաստատած ծրագրերից և ոչ մեկը դեռևս չի տվել ցանկալի արդյունք: Մինչդեռ Գագիկ Ծառուկյանն իր ելույթում, կարելի է ասել, հեղափոխական առաջարկ կատարեց, որը կարող է էականորեն նպաստել փոքր և միջին բիզնեսի զարգացմանը: Ինչ խոսք, փոքր և միջին բիզնեսը գտնվում է մեռնող վիճակում: ՓՄՁ քաղաքականությունը 180 աստիճանի բարելավման կարիք ունի: ՓՄՁ-ի աճը, զարգացումը 0,6-0,7% է եւ ստացվում է, որ տարեկան 700 ՓՄՁ է բացվում. եթե նայում ենք ՀՆԱ-ի մեջ այդ թիվը, ապա ստացվում է ամսական 20 դոլար՝ մի ՓՄՁ-ի հաշվարկով, որը զավեշտական թիվ է :
Այն պարագայում, երբ կառավարությունն առաջարկում է խնդրի լուծման լոկալ տարբերակը՝ այն է ՓՄՁ-ների համար հարկերը իջեցնել մեկ- երկու տոկոս, Գագիկ Ծառուկյանն առաջարկում է նրանց ընդհանրապես 3 տարով ազատել հարկային պարտավորություններից: Գուցե տնտեսագիտական հաշվարկներին ոչ հասու անձանց թվա, որ այս առաջարկը հեռու է իրատեսական լինելուց, սակայն առկա են բազմաթիվ երկրների օրինակներ, որտեղ այս ճանապարհը տնտեսական զարգացման ուղի է հարթել: Ծառուկյանը հստակ ասում է, որ ինքը հարկային արձակուրդ կտա մանր բիզնեսին՝ դրանով աշխատատեղ ապահովելու համար, որ ավելի կարևոր է, քան այն մի քանի կոպեկը, որ քերելով տանում են մանր ու միջին բիզնեսից:
Փոքր և միջին բիզնեսը որոշակի ժամանակահատված հարկերից ազատելը նպաստում է ոչ թե երկրի եկամուտների կրճատմանը , այլ ավելացմանը: Ինչպես իրավացիորեն նշել է ինքը՝ Ծառուկյանը՝ փոքր ու միջին բիզնեսը ցանկացած երկրի ողնաշարն է. ԱՄՆ-ի պես երկրում բյուջեի 64%-ը գոյանում է հենց ՓՄՁ -ի հաշվին, մինչդեռ մեր երկրում այդ ցուցանիշը 1-2%, ինչը նշանակում է, որ փոքր և միջին բիզնեսը վերացման շեմին է, Հայաստանում փոքր ու միջին բիզնեսին հարկերից չեն ազատում, որպեսզի վերջիններս կարողանան աշխատել, բիզնեսը զարգացնել: Մինչդեռ ակնհայտ է, որ ՓՄՁ-ների զարգացումը մեր երկրի տնտեսական զարգացման մեխը կարող է հանդիսանալ: Դա իր հերթին կնպաստի մեր երկրում ստեղծված տնտեսական ճգնաժամը արդյունավետ կերպով հաղթահարելուն, ինչից կշահի և՛ պետությունը, և՛ հասարակությունը:
Փոքր և միջին բիզնեսի ներկայացուցիչներն անշուշտ զգում են, որ Գագիկ Ծառուկյանն իրենց մտածելակերպի մարդ է: Եվ խնդիրների լուծումը տեսնում է հենց բիզնեսի պրիզմայի միջով: Իսկ հասարակությունը, հետևելով Ծառուկյանի բազմամյա գործունեությանը, կարող է վստահ լինել, որ երբևէ այս քաղաքական գործչի շուրթերից չեն հնչել խոստումներ, որոնք հետագայում իրականություն չեն դարձել:
Այս ամենը միջոցներ են, որոնց իրականացումը հնարավորություն կտա երկիրը դուրս բերել ծանր իրավիճակից: Եվ, ինչպես տեսնում եք, այս ամենն իրականացնելու համար նոր Սահմանադրություն պետք չէ. պետք է քաղաքական կամք, որն այս իշխանությունները չունեն: Հետևաբար, մեզ պետք է նոր որակի իշխանություն, ոչ թե նոր Սահմանադրություն: